Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իքս պահի մեր երկրում կանխիկ գումար ընդհանրապես պետք է չլինի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ կենսաթոշակները պետք է վճարվեն անկանխիկ եղանակով՝ որոշ բացառություններով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն առաջարկեց բառառություններ սահմանել հետյալ դեպքերում․

 «Երբ կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունի,  լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին և եթե կենսաթոշակը կամ նպաստը ստացողի ծնողը առաջին կամ երկրոդ կարգի հաշմանդամություն ունի»:

Նախարարը նշեց, որ  կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերի համար քաղաքացու ընտրությամբ։

Բաթոյանն ընդգծեց նաև, որ կանխիկից անկանխիկի անցում նախատեսվում է կատարել փուլային տարբերակով։

Վարչապետը նախագծի ներկայացման ընթացքում միջամտեց, որ կանխիկ թոշակները վճարելու համար տարեկան ծախսում ենք 1,3 մլրդ դրամ, այնինչ անկանխիկի դեպքում այդ գումարը կրճատվում է։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց, որ խնդիր է դրված, որ անկանխիկ եղանակով փոխանցվող թոշակները գոնե 90 տոկոսով ծախսվեն հենց անկանխիկ եղանակով, դա լուծում է և' ֆիսկալ, և' թափանցիկության և քաղաքակրթության խնդիրներ։

Վարչապետն էլ հավելեց, որ X պահի մեր երկրում կանխիկ գումար ընդհանրապես պետք է չլինի․

«Եթե կանխիկ գումարի շրջանառությունը ընդհանրապես զրոյանա, ցանկացած գումարի շարժ արդեն պետք չի լինի օպերացիաներով վերահսկել»։