Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը պայմանավորված է քաղաքական շարժառիթով, բայց․․․» (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթ չէ, այդ պատճառով խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չցանկացավ հստակ գնահատական տալ։

«Քանի որ մեղադրանքին ծանոթ չեմ, ճիշտ չէ, որ մասնագիտությամբ իրավաբան լինելով գուշակություններով զբաղվեմ։ Ես չգիտեմ քաղաքական կոմպոնենտը ինչքան է, իրավական կոմպոնենտը ինչքան է։ Ժամանակը կանցնի և որոշակի կդառնա»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում արված հայտարարությանը  և հարցին, թե նրա ելույթում իշխանության համար վտանգավոր ուղերձներ կայի՞ն, որի համար իշխանությունը կարող էր Սերժ Սարգսյանին փորձեր լռեցնել, Գևորգ Պետրոսյանը նշեց․

«Կարող էր լինել, որովհետև Սերժ Սարգսյանի ելույթը այնպես չէ, որ գովեստ էր իշխանության հասցեին, հնչեցին իրավական անվտագությանն առնչվող հարցեր, բնական է չէր կարող իշխանության քիմքին հաճո լիներ։ Բայց ես, լինելով իրավաբան, չեմ կարող հիմա պատասխանատու պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթով, դա չի բացառվում, բայց այդպիսի պնդման համար պետք է իրազեկված լինես, ես նման տեղեկություն չունեմ»։

Հարցին, թե չի բացառո՞ւմ, որ իշխանությունը այս կամ այն հարցով կարող է պատժել ինչ-որ մեկին, ով ելույթ է ունենում և այդ հայտարարությունները հաճելի չեն իշխանությանը, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց․

«Չի բացառվում դա և այս վերջին դատավարությունները անվերջ ձգվող նախկին իշխանությունների գործելաոճն է, իրենք ինչի մեջ մեղադրում էին նախկին իշխանություններին, հիմա նույնը իրենք են անում։ Ժողովուրդն ասում է՝ մարդը մեղավո՞ր է, պատժիր, բայց անվերջ ձգվող դատավարությունները, լավ, էս շոուներով ինչքա՞ն կարելի է ազգին կերակրել։ Ժողովուրդն իր կյանքը բարելավելու գործով ապացուցված իրավունք ունի, ինքը դրա համար է հեղափոխություն կամ իշխանափոխություն արել։ Եթե պիտի նախկին բարքերը նույն ձևով շարունակվեր, ոչ մեկին պետք չէ էս հեղափոխությունը, բացառությամբ մի քանի մարդկանց, որոնց կյանքում նկատելի առաջընթաց է գրանցվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։