Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Ժողովրդի 80%-ը դեմ քվեարկեց համայնքների խոշորացմանը, բայց թքեցին նրանց կարծիքի վրա» Զոհրաբյան (տեսանյութ)

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ համայնքների խոշորացման հաջողված պատմություն չկա։ Խորհրդարանում Տեղական հանրաքվեի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին և Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթի քննարկաման ժամանակ ասաց պատգամավորը։

«Հիմա էլ ենք լինում գյուղերում, նույն խնդիրներն են՝ ենթակառուցվածքներ չկան, ճանապարհներ չկան, եթե առողջական դեպք է լինում, շտապ օգնության մեքենան չի կարողանում խոշորացված համայնքի մի մասից հասնել խոշորացված համայնքի կենտրոն, որտեղ տեղակայված են հիվանդանոցները։ Այս տարիների ընթացքում դուք ոչ մի հաջողված պատմություն այդպես էլ չկարողացաք ներկայացնել, որպեսզի մենք ասենք համայնքներրի խոշորացումը տվել է իր արդյունքը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց համայնքների խոշորացման հանրաքվեն։ «Երբ որ Սյունիքի մարզում բդեշխության կարգեր էին իշխում, ժողովրդի 80 տոկոսը դեմ քվեարկեց համայնքների խոշորացմանը, բայց ժողովրդի կարծքի վրա թքեցին և համայնքների խոշորացումը տեղի ունեցավ։ Այստեղ նաև մարդկանց նվաստացնելու էլեմենտ կա, ասում են՝ քո կարծիքն ասա, հետո ասում են՝ ոչինչ, քո կարծիքը կարևոր չի, այս հարցն այսպես է լուծվելու»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

Վերջինիս համոզմամբ՝ եթե քաղաքացին ընտրություն է կատարում, ուրեմն այն պետք է իրավական ուժ ունենա։ Նշենք, որ համաձայն Տեղական հանրաքվեի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի՝ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Նաև առաջարկվում է սահմանել, որ համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կկրեն խորհրդակցական բնույթ, և բնականաբար, համայնքների վարչատարածքային բաժանման վերաբերյալ վերջնական որոշումները կկայացնեն համապատասխանաբար Կառավարությունը և Ազգային ժողովը, այսինքն տեղական հանրաքվեի արդյունքները ոչ պարտադիր կարող են լինել։