Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Արթուր Ալեքսանյանին տակտիկական նկատառումով էինք ազատել առաջնությունից․ Էդուարդ Սահակյան

«Յուրաքանչյուր քաշում կար պայքար, բայց 82 կգ քաշային կարգի Ռուբեն Ղարիբյան - Էդուարդ Սարգսյան եզրափակիչը դարձավ առաջնության զարդը։ Առաջիկայում ունենք ուսհավաքներ, միջազգային մրցումներ։ Մենք գիտենք մեր ըմբիշների խոցելի կողմերը, կաշխատենք շտկել դրանք և լավ մարզավիճակով ներկայանալ Եվրոպայի առաջնությանը», - այսօր կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային առաջնությունից հետո ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սահակյանը։

Փորձառու մասնագետը նաև բացատրեց, թե ինչու առաջնությանը չէին մասնակցում մեր մի շարք առաջատար ըմբիշները։

«Մարզական և տակտիկական նկատառումներով մենք մրցումներից ազատել էինք Արթուր Ալեքսանյանին, Արսեն Ջուլֆալակյանին, Կարապետ Չալյանին ու Արսեն Մելիքյանին։ Նրանք վնասվածքներ չունեն, պարզապես նրանց պետք էր այս դադարը։ Հետագայում մարզչական խորհուրդը կորոշի, թե ովքեր են մասնակցելու Եվրոպայի առաջնությանն ու վարկանիշային մրցաշարերին»։

Ինչպես տեղեկացրեց «Ա1+»-ին Էդուարդ Սահակյանը, 2020թ վարկանիշային մրցաշարերը կայանալու են Հունգարիայում և Բուլղարիայում։ Օլիմպիական ուղեգիր կնվաճեն եզրափակիչ մտած ըմբիշները։

Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներն 77 և 97 կգ քաշային կարգերում արդեն նվաճել են օլիմպիական ուղեգրեր։

Հունահռոմեական ըմբշամարտի 2019թ Հայաստանի առաջնության հաղթողները․

55 կգ քաշային կարգ՝ Ռուդիկ Մկրտչյան

60 կգ՝ Գևորգ Ղարիբյան

63 կգ՝ Սահակ Հովհաննիսյան

67 կգ՝ Սլավիկ Գալստյան

72 կգ՝ Մալխաս Ամոյան

77 կգ՝ Արման Բաղդասարյան

82 կգ՝ Ռուբեն Ղարիբյան

87 կգ՝ Մաքսիմ Մանուկյան

97 կգ՝ Արթուր Շահինյան

130 կգ՝ Դավիթ Օվասափյան