Այլևս շանս չունենք օլիմպիական ուղեգիր նվաճելու․ Հակոբ Սերոբյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մարմնամարզիկներն այլևս շանս չունեն 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու։ Այդ մասին այսօր հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
«Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար հարկավոր է հաղթել եկող տարի կայանալիք բոլոր երեք վարկանիշային մրցաշարերում։ Դա շատ բարդ է նույնիսկ օլիմպիական և աշխարհի չեմպիոնների համար։ Բացի այդ, մրցաշարերից մեկը կայանալու է Բաքվում, ուր մենք չենք մեկնի հասկանալի պատճառներով», - պարզաբանեց գլխավոր մարզիչը։
Դա նշանակում է, որ Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերին կմասնակցի միայն Արթուր Դավթյանը։ Ավաղ, մեր առաջատար մարմնամարզիկն այժմ առողջական խնդիրներ ունի։
«Կոտբուսում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը չկարողացավ կատարել իր հիմնական գործիքի՝ հենացատկի վարժությունը։ Պարզվեց, որ մեջքի ցավեր ուներ։ Ճիշտ է, նա լավ հանդես եկավ Պենզայում կայացած Վորոնինի գավաթի խաղարկությունում և հաղթեց բազմամարտում, բայց ցավազրկումի օգնությամբ։ Դեռ պարզ չէ, թե ինչից են մեջքի ցավերը։ Ինքն արդեն պայմանավորվել է բժշկի հետ, որից հետո կտեսնենք, թե ինչ է պետք անել», - ասաց փորձառու մասնագետը։
Հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփելով այս տարվա արդյունքները, նշեց, որ գոհ է իր սաների ելույթներից։
«Արթուր Դավթյանի հաղթանակը եվրոպական խաղերում, իրոք, մեծ նվաճում էր։ Հատկապես ուրախ եմ Արթուր Ավետիսյանի համար, որը ոսկե մեդալ է նվաճել համաշխարհային ուսանողական խաղերում, 3-րդ տեղերն է գրավել աշխարհի բանակային խաղերում և գավաթի խաղարկությունում։ Նա երիտասարդ է, ուստի մեծերի հետևից եկող ունենք», - վերջում նշեց հավաքականի գլխավոր մարզիչը։