Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ցանկանում էի այցելել հորս գերեզմանին»․ դատարանը մերժեց Խաչատուրովի փաստաբանի ներկայացրած միջնորդությունը (տեսանյութ)

Ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը։

Նիստի ժամանակ ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Յուրի Խաչատուրովի ազատ տեղաշարժման արգելքը փոխվի, վերացվի սահմանահատման արգելքը: Միջնորդությանը միացան Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ այն անհիմն է, քանի որ չի պարունակում քրեադատավարական պահանջ:

Դատարանը մերժեց ներկայացված միջնորդությունը:

Յուրի Խաչատուրովը իր ելույթում, հակադարձելով դատախազ Գևորգ Բաղդասարյանի այն դիտարկմանը, որ այս պահին խաչատուրովի վրա սահմանահատման արգելք դրված չէ, ասաց․

«Հարգելի դատարան, դատախազները ճիշտ չեն ասում, ես վկան եմ այն բանի, որ Բագրատաշենում ոստիկանության փոխգնդապետն ասաց՝ դուք գտնվում եք ցուցակի մեջ: Ես երկուսուկես ժամ սպասել եմ, որ զանգեն Երևան, ճշտեն: Ես ցանկանում էի այցելել հորս գերեզմանին և վերադառնալ, բայց չթույլատրեցին: Ինձ հավատացեք, ես խաբելու միտք չունեմ, իսկ Վրաստան ես ուզում էի մեկնել, որովհետև այնտեղ են իմ ծնողների և կրտսեր եղբորս գերեզմանները»: