Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Քաղաքականություն

Գևորգ Սաֆարյանը չի բացառում, որ Աշոտ Կարապետյանին «վերացրել են»

«Մեր երկրում ժողովուրդը իր վստահության քվեն տվել է իշխանության ներկայացուցիչներին նրանցից հենց արմատական փոփոխությունների ակնկալիքով, բայց մինչ օրս մենք չենք տեսնում արմատական փոփոխություններ մեր երկրում», -այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը։

Սաֆարյանի խոսքերով՝ այսօրվա իշխանությունները ժառանգություն են ստացել նախորդ իշխանություններից և շարունակում են պահպանել նախորդ իշխանությունների բոլոր ստորագրություններն ու որոշումները, օրինակ՝ Ամուլսարի շուրջ ծավալվող գործողությունները․

«Իշխանություներն ասում են, թե արտոնագիրն արդեն տրված է նախորդ իշխանությունների կողմից, և հավատարիմ են մնում այդ դրված ստորագրությանը»։  

Տվյալ դեպքում, ըստ Սաֆարյանի,  ակնկալել արմատական փոփոխություններ մեր երկրում, միամտություն կլինի․

«Հեղափոխությունը սկսվում է իշխանության փոփոխությունից հետո, բազմիցս հորդորել ենք տալ քաղաքական գնահատական նախորդ իշխանություններին, որպեսզի այսօրվա ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը ստիպված չլինի ենթարկվել ապօրին իշխանության կողմից կայացված որոշումներին, մինչ օրս դրա անգամ նախադրյալները չենք տեսնում»։

Քաղաքական գնահատականը, ըստ Գեւորգ Սաֆարյանի, պետք է տրվի Ազգային ժողովի կողմից առնվազն հայտարարության մակարդակով առ այն, որ Հայաստանի երրորդ հանրապետության նախորդ բոլոր իշխանությունները եղել են ապօրինի, գործել են ՀՀ-ի դեմ, կատարել են մի շարք հանցագործություններ, այդ թվում՝ պետական իշխանության զավթում, և ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ներկայիս իշխանությունները որևէ պարտականություն չունեն ապօրինի իշխանությունների կողմից տրված խոստումները կամ ստորագրությունները ի կատար ածելու»։

Ինչ վերաբերում է ձերբակալություններին, Սաֆարյանն ասում է՝ դրանք ունեն լոկալ բնույթ, այսինքն՝ անձը ձերբակալվում է կոնկրետ գործողությունների համար, և այդ գործողություններից որևէ մեկը դեռևս պետական իշխանությունը զավթելու գործողություն չի՝ բացառությամբ Քոչարյանի ձերբակալությունը․

«Մարտի մեկի գործով քրեական գործ հարուցել միայն Քոչարյանի կամ ևս մեկ-երկու անձի նկատմամբ, սա նշանակում է Մարտի մեկի գործը չբացահայտել։ Մարտի մեկի գործով բազմաթիվ անձինք պիտի արդեն իսկ ձերբակալված լինեին։ Հարց է առաջանում՝ ինչու Մարտի մեկ իրականացրած ոստիկանապետը ձերբակալված չէր, որ նրան կարողանային օրինակ ոչնչացնել որպես վկայի»։

Սաֆարյանի խոսքերով՝ Մարտի մեկի ընթացքում բանակային ստորաբաժանումների միջոցով զավթվել է պետական իշխանությունը։

Բանախոսը չի բացառում, որ «Աշոտ Կարապետյանին վերացրել են որպես վկա»։

Հեղափոխության պարագայում, Սաֆարյանի համոզմամբ, անհրաժեշտ պայման է Սահմադրությունը փոխել․

«Մենք ունեցել ենք ավտորիտար համակարգ, որը կեղեքել է մեր ժողովրդին, թալանել է մեր ժողովրդին՝ կուտակելով ահռելի գումարներ։ Ավտորիտար համակարգի  ամբողջական կազմալուծման համար անհրաժեշտ է լուստրացիայի մասին օրենք»։

Սաֆարյանի դիտարկմամբ՝ Ազգային ժողովի այսօրվա կազմը առնվազն չի բավարարում՝ երկրում հեղափոխություն իրականացնելու համար․

«Այնտեղ են երկու օլիգարխների շահերը սպասարկող խմբակցություններ և «Իմ քայլը խմբակցությունը, որը բավականին հապճեպ գոյացավ հեղափոխական ալիքի տակ, և որի գործառույթն էր անցումային փուլն ապահովել»։

Նա վստահ է՝ «Սասնա ծռերը» կհայտնվեն հաջորդ խորհրդարանում։

Ուժային կառույցների մասին խոսելով ՝ բանախոսն  ասում է՝ ԱԱԾ-ն պետք է կազմալուծվի և զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ՝ զրոյից կազմավորվելով։

Ինչ վերաբերում է  ոստիկանությանը, Սաֆարյանն նշում է՝ ոստիկանությունը Հայաստանում ցույց ցրող կառույց է եղել, ոչ թե իրավապահ կառույց և ամբողջությամբ պետք է վերաձևավորվի․

«Այդ պաշտոնները պետք է պարտադիր դառնան քաղաքական և հաշվետու լինեն Ազգային ժողովին»։

Գեւորգ Սաֆարյանն անդրադարձավ նաև Գրիբոյեդովի արձանի ներկմանը։ Նշեց, որ կողմ լինել չի կարող, քանի որ վանդալիստական դրսևորում է, սակայն Ռուսաստանի Դաշնությունը ևս պիտի հասկանա, որ որևիցե ազդեցություն ծնում է հակազդեցություն․

«ԱԳՆ-ի այդ տխրահռչակ զեկույցը, որտեղ քննադատվում էր ոչ միայն Նժդեհը, այլ նաև քննադատվում էր Հայաստանի Հանրապետությունը այն բանի համար, որ Հայաստանում փառաբանում են Նժդեհին, որից հետո հետևեց  ՌԴ-ի վաղեմի եղբայր Ալիևի հայտարարությունը, սրան հետևեց ՌԴ-ում գտնվող Նժդեհի հուշատախտակի պղծումը։ Ռուսաստանը պիտի հասկանա, որ այդ մոտեցումը չի կարող կորչել»,- ասաց նա։

ՀՀ իշխանությունները ունեցան զրո արձագանք, ասում է Սաֆարյանն ու հավելում, որ Շահեն Հարությունյանը չէր գնա նման քայլի, եթե իշխանությունները համապատասխան արձագանք ցույց տային։