Բացել լրահոսը Փակել լրահոսը
78258192_747979889050173_1366437540210409472_n
A A
Քաղաքականություն

Հայկ Մարությանի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում. Ալեն Սիմոնյան

«Հայկ Մարությանի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում, նրան որևէ հարցի շուրջ չեմ մեղադրում: Նա կատարել է իր գործառույթը, որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ օրենսդրական առումով որևէ խախտում չեմ տեսնում։ Այլ հարց է, որ միգուցե օրենսդրական բաց կա, որն ընդդիմությունը փորձում է շահարկել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով վերջին օրերին լայն քննարկումների առիթ դարձած՝ Երևանին աղբատար մեքենաներ նվիրաբերելու հարցին։

Նշենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ որոշ ընկերությունների, որոնք աղբատար մեքենաներ են նվիրաբերել, Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություն է տվել: «Բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել, և մեկը մյուսի հետ կապել նշանակում է աշխատել և ենթադրություն անել հին տրաբանության մեջ: Ինչ-որ մեկը ենթադրո՞ւմ է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը կամ այլ մեկը կարող է Կամազի դիմաց ինչ-որ բան անել»,- եզրափակեց նա:

Նշենք, որ այդ հարցով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծել, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: