Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_6008
A A
Պաշտոնական

«Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում». նոր կրթական ծրագիր Տնտեսագիտականում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) 2020-2021 ուսումնական տարվանից կներդրվի մագիստրոսական նոր կրթական ծրագիր՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում»: Այն համալսարանի և ՏՏ-բիզնես ոլորտների իրական համագործակցության լավ օրինակ է, քանի որ ծրագիրն իրականացնելու է ՀՊՏՀ-ն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն կազմակերպությունների՝ «ԱՐՓԻՆԵՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության հետ: 

Ծրագրի մշակման աշխատանքներն արդեն մեկնարկել են և դրանց մասնակցում են ոչ միայն Տնտեսագիտական համալսարանի, այլև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները՝ առաջադրելով իրենց ոլորտների համար անհրաժեշտ հմտություններն ապահովող դասընթացներ: Սա կրթական ծրագրի օրինակ է, որի մշակմանը հատկապես ակտիվ մասնակցություն է ունենում գործատուն: Կրթական նոր ծրագիրն իրականացվելու է Տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի կողմից: Ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանի խոսքով, այս կրթական ծրագիրն իր մոդելով տարբերվում է մյուս կրթական ծրագրերից, քանի որ ունի մի քանի առավելություն. նախ մեծ տեղ է տրվելու փորձառությանը և դասընթացներից հետո իրականացվելու են փորձառություններ, ինչը կամրապնդի լսարանում ստացած գիտելիքները, դասավանդելու են ոչ միայն համալսարանի, այլև հիմնականում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետները, ուսանողներին տրվելու է համակարգչային ցանցերի, կիբերանվտանգության, բիզնեսում տեղեկատվական համակարգերի, տվյալների մշակման և բիզնես հմտության գործիքների և մոդելների մասին կիրառական գիտելիքների լայն շրջանակ: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում արագ զարգանում է, սակայն ակնկալվում են հետագա զարգացումներ: Զարգացման հաջորդ փուլում անհրաժեշտ է ՏՏ ոլորտի և բիզնեսի ինտեգրացիան, ինչին էլ միտված է այս կրթական ծրագիրը. չէ՞ որ այսօր բիզնեսում տեխնոլոգիաների կիրառումը դարձել է իմպերատիվ պահանջ և բոլոր գործընթացները՝ հաճախորդների հետ աշխատանքը, մատակարարման և մյուս ուղղություններով աշխատանքն իրականացվում է բարձր տեխնոլոգիաների միջոցով»,- ասում է Վարդան Սարգսյանը: Ծրագիրը կտևի 1,5 տարի, որից մեկ տարին կլինեն դասընթացները, իսկ կես տարին կհատկացվի հիմնական փորձառությանը և մագիստրոսական թեզի պատրաստմանը: 

Մագիստրոսական կրթական ծրագիրը կյանքի է կոչվում եռակողմ հուշագրի հիման վրա, որը նոյեմբերին ՀՊՏՀ-ում ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, «Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը և «ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը: 

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը նշում է, որ Տնտեսագիտական համալսարանում այժմ վերափոխվում են մագիստրոսական կրթական ծրագրերը և փորձառությունների կազմակերպման ձևաչափը, ինչի համատեքստում մեծապես կարևորվում է գործատուների հետ հարաբերությունների հաստատումը: Այսինքն՝ նախկինում գոյություն ունեցող փորձառության կազմակերպման գործընթացը կվերափոխվի և կդառնա ավելի արդյունավետ՝ ուսանողներին հնարավորություն տալով ոչ թե ուսման ավարտին երկարատև փորձառություն անցնել, այլ հենց ուսումնառության շրջանում յուրաքանչյուր  առարկայի ուսումնասիրությունից հետո գիտելիքներն ամրապնդել պրակտիկ միջավայրում: Այս ծրագիրը ևս, Դիանա Գալոյանի խոսքով, մեծ հնարավորություն է ընձեռում ուսանողներին ոչ միայն ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, այլև՝ մասնակցել արդյունավետ փորձառությունների: 

«ԱՐՓԻՆԵՏ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Մուրադյանը նշում է, որ սույն համագործակցությունը նորարարություն է և գործատուի համար շատ կարևոր խնդիր է լուծում: Նրա խոսքով՝ մասնակցելով համալսարանական կրթությանը՝ կազմակերպությունը կկարողանա ուսանողներին փոխանցել իր համար անհրաժեշտ հմտությունները և հետագայում ավելի դյուրին կերպով նորավարտներին կընդունի աշխատանքի:

«Հայաստանի օպերատորների միություն» հասարակական կազմակերպության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը համագործակցությունը նշանակալի է համարում՝ ընդգծելով, որ այն կրթական և բիզնես հատվածների սերտ գործակցության հրաշալի հնարավորություն է, որի արդյունքում կազմակերպությունների ներկայացուցիչները ուսուցման նոր մեթոդներով ուսանողներին կհաղորդեն աշխատաշուկայում հաստատվելու համար անհրաժեշտ գիտելիքներ: «Շնորհակալ եմ համագործակցության համար և լիահույս եմ, որ շատ շուտով մենք կունենանք իրենց ուժերին վստահ, աշխատանքին պատրաստ, անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով օժտված մասնագետներ»,- ասում է Քրիստինե Գյոնջյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին