Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին (տեսանյութ)

«Մեր հիմնական առաքելությունը համակարգեր ստեղծելն է». Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

 Երևանի քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն ու աշխատանք:

«Որպես քաղաքային իշխանություն՝ մեր հիմնական առաքելությունը համակարգեր ստեղծելն է: Ստեղծում ենք համակարգեր, որ վարչական շրջանների ղեկավարները, փոխքաղաքապետերը, վարչության պետերը, քաղաքապետը, ինչ անձնավորություն էլ հետագայում լինի և ով էլ լինի, համակարգն այնպես աշխատի, որ անկախ ամեն ինչից քաղաքը մնա կայուն վիճակում: Եվ յուրաքանչյուր քաղաքային իշխանություն ուղղակի իր տարբեր շտկումներն անի այդ ամեն ինչում՝ ստեղծելով էլ ավելի նոր համակարգեր»,- ընդգծել է քաղաքապետը:

Հայկ Մարությանը նշել է, որ ապօրինի շինարարության, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման, բազմաբնակարան բնակելի շենքերի խնդիրների կարգավորման նպատակով քաղաքապետարանն այսօր մի շարք օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել:

«Հավասարություն, արդարություն և օրենքի գերակայություն. սա մեր հիմնական սկզբունքն է: Շատ տնտեսվարողների շահեր այսօր հենց Կենտրոնում են: Եվ մոտեցումն, ամենակարևորը, բոլոր տնտեսվարողների հարցում պետք է լինի հավասար: Բազմիցս ասվել է, որ մենք արտոնյալներ չունենք, մենք չունենք մարդիկ, որոնք կարող են մի բան անել, իսկ միևնույն ժամանակ ինչ-որ մեկը չի կարող անել: Այս սկզբունքն ածանցում ենք բոլոր ոլորտներին»,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքի առջև դրված խնդիրները լուծելու և քաղաքային իշխանության տարբեր նախաձեռնությունները կյանքի կոչելու գործում Հայկ Մարությանը կարևորել է նաև բնակիչների հետ համագործակցությունն ու ամենօրյա աշխատանքը: