Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2597
A A
Պաշտոնական

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը

Դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս
Դավիթ Սեդրակյանը:

Մեծ է Դավիթ Սեդրակյանի ներդրումը գիտության մեջ, հատկապես տեսական
աստղաֆիզիկայի ոլորտում: Նրա ընդհանուր հարաբերականության տեսության
շրջանակներում ստացած լուծումը գիտական մեծ արժեք է ունեցել՝ առաջարկելով
պտտվող կոնֆիգուրացիաների պարամետրերի հաշվման նոր մեթոդ: Այն հաստատել է
անգլիացի Է. Հյուիշի առաջադրած գիտական վարկածը, ըստ որի՝ բաբախիչները
պտտվող նեյտրոնային աստղեր են:  Դիտարկելով նեյտրոնային և պրոտոնային
գերհոսելի կոնդենսատների փոխազդեցությունը, Դավիթ Սեդրակյանը հայտնաբերել է
նոր ֆիզիկական երևույթ՝ ներկայումս հայտնի «տարման էֆեկտ» անունով:
Դավիթ Սեդրակյանի աշխատանքների մյուս ցիկլը վերաբերում է բաբախիչների
պտտական շարժման դիտվող դանդաղեցմանը, որն ուղեկցվում է անկյունային
արագության «ցատկերով»: Ելնելով իր այն հիպոթեզից, թե հայտնաբերած
նեյտրոնային թելերի ցանցը աստղի պտույտի դանդաղեցմանը զուգընթաց
աստիճանաբար նոսրանում է, Դավիթ Սեդրակյանն իր աշակերտների հետ առաջարկել է
բաբախիչների պտտական շարժման արգելակման երեք մեխանիզմ և ի հավելումն
հայտնաբերել, որ դանդաղեցման ժամանակ մակերևույթի ջերմաստիճանի աճի շնորհիվ
աստղը դառնում է ռենտգենյան ճառագայթման աղբյուր:

  Ստացված օրինաչափությունները համահունչ են տիեզերքից եկող ռենտգենյան
ճառագայթմանը վերաբերող դիտողական օրինաչափություններին:

Սկսած 1994թ-ից Դավիթ Սեդրակյանը նեյտրոնային աստղերի տեսական
հետազոտություններին զուգահեռ իր գործընկերների հետ կատարել է գիտական
ուսումնասիրություններ՝ ուղղված էլեկտրոնների կողմից պոտենցիալային
արգելքների անցման և անդրադարձման գործակիցների հաշվումներին, էլեկտրոնների
հնարավոր տեղայնացման (լոկալիզացման) խնդիրներին:


Բեղմնավոր է եղել նաև Դավիթ Սեդրակյանի ուսումնամանկավարժական
գործունեությունը.  նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 4 դոկտորական և 10
թեկնածուական ատենախոսություն:

Մոտ 300-ի հասնող գիտական հոդվածներն ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանին
հետազոտությունների իր ասպարեզում բերել են միջազգային լայն ճանաչում:

Նա եղել է մի շարք միջազգային կոնֆերանսների և թեմատիկ սեմինարների ակտիվ
կազմակերպիչներից, երկար տարիներ եղել է «ՀՍՍՀ ԳԱ Զեկույցներ» ամսագրի
գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր
խմբագիրը:

Դ. Բլաշկերի հետ նա կազմել և հրատարակել է «Superdense QCD Matter and
Compact Stars» միջազգային հանդեսը, եղել է Վ. Համբարձումյանին նվիրված
«Ambartsumian's Legacy and Active Universe» գրքի համախմբագիրը:
Դավիթ Սեդրակյանը «Ստացիոնար աքսիալ-սիմետրիկ դաշտերը Էյնշտեյնի
տեսությունում» աշխատանքի համար 1970թ. ստացել է ՀԼԿԵՄ պետական մրցանակ,
1999թ. արժանացել է Անանիա Շիրակացու մեդալի:
     ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ
գիտությունների ազգային ակադեմիան, գիտական հանրությունը սգում են անվանի
գիտնականի մահը և իրենց ցավակցությունն են հայտնում ակադեմիկոս Դավիթ
Սեդրակյանի հարազատներին և գործընկերներին:
Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝
ժամը 18.00-20.00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի
արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում
(հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24):