Բացել լրահոսը Փակել լրահոսը
xapk
A A
Քաղաքականություն

Ինչպես ապակողմնորոշել անտեղյակ ընթերցողին. ԽԱՊԿ

Ինչպես ապակողմնորոշել անտեղյակ ընթերցողին

 

«...Ֆրանսիացին գլուխը դրեց ընկերոջս ոտքերին ու երեխայի պես լաց էր լինում, ասում էր՝ ողջ կյանքում իմ մայրն այսքան մարդասիրություն, սրտացավություն ինձ չի սովորեցրել, այսքան ջերմություն չի տվել, որքան Հայաստանում ես տեսա ձեզնից։ Բա էլ ի՞նչ Եվրոպա...», - սա դերասան Սարգիս Գրիգորյանի հետ «Իրավունք» թերթի հարցազրույցից մի հատված է` հրապարակված ս. թ. նոյեմբերի 26–ին։

Այն նույն դերասանի, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիայի մասին իր գրառմամբ, որտեղ այդ փաստաթղթի բովանդակությունը գնահատել էր՝ ելնելով հետևյալից՝ «մեր թշնամի երկրի մայրաքաղաքի անունը կրող» փաստաթուղթը չի կարող լավը լինել։ Թերևս կարելի է ներել, որ այս դերասանը չգիտի, որ Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, գուցե կարելի է ներել նաև վերոհիշյալ դատողության մեջ տրամաբանության բացակայությունը, բայց աններելի է, երբ նման մտածելակերպ ունեցող մարդիկ փորձում են կարծրատիպեր սերմանել և մանիպուլյացիայի միջոցով թյուրիմացության մեջ գցել լսարանին։

Մինչդեռ՝ լրատվամիջոցների որոշ շրջանակի համար այս կարգի «փորձագետները» նույնիսկ շատ պահանջված են, երբ պետք է հակաեվրոպական քարոզչություն իրականացնել և պնդել, որ Եվրոպայում չկա մայրական սեր, չկա կոնկրետ սեռ, չկան բարոյական ու մնայուն արժեքներ՝ ընտանիք, ընկերություն, հոգատարություն։ Իսկ այն, ինչ ներմուծվում է Եվրոպայից, վնասակար է և դեմ է մեր ազգային արժեհամակարգին։

Ընդ որում, այդ նույն ԶԼՄ-ները, երբ իրենց պետք է, մեջբերում են եվրոպական կառույցների կարծիքները՝ համարելով դրանք հեղինակավոր։ Օրինակ, վերջերս հղում էին կատարում Սահմանադրական դատարանի մասին Վենետիկի հանձնաժողովի զգուշացումներին ու սթափության կոչերին՝ ուղղված ՀՀ իշխանություններին, բայց մյուս կողմից էլ համառորեն պնդում էին, թե Եվրոպան ինչ-որ պիղծ օրենքներ ու բարքեր է պարտադրում մեզ։

Այսպես՝ «Հրապարակ» թերթը նոյեմբերի 12-ին գրում է. «...Հիմա ամեն մի նորելուկ, ցուցափայտը ձեռքն առած, ազգի ու ազգայինի շուրջ դասեր է տալիս։ Ու հարցնող էլ չկա, թե եվրոպաների էդ կեղտաջուրն ինչու ենք մեր երկիր ներկրում։ Դեռ մի բան էլ խրախուսում՝ աշխարհից հետ չմնանք»:

Ահա նաև օրինակ, երբ Եվրոպան նույնացվում է ԼԳԲՏ անձանց հետ՝ բացառապես բացասական կոնտեքստում. «...Հանուն Արևմուտքի աչքին մինչև վերջ ռուսական ուղի բռնածի տպավորություն չթողնելու, Փաշինյանն սկսեց բաց տեքստով մինչև իսկ սեփական հովանու տակ առնել տարաբնույթ մելինեներին ու նրանց դավանած «հույժ եվրոպական արժեքները» («Իրավունք», նոյեմբերի 15):

Կամ` «Եվրոպայից բերված օրենքները շատ անբնական են և իրենց իմաստին չծառայող։ Ընտանիքները վերացնելու նպատակ կա, ոչ թե՝ միասեռականներին պաշտպանելու, միասեռականները միշտ էլ պաշտպանված են եղել...»,- ասում է երգահան Սրբուհի Ստամբոլցյանը «Իրավունք» թերթի սեպտեմբերի 6-ի համարում։

Իսկ սպորտսմեն Էդուարդ Փոռեյանը նույն թերթի նոյեմբերի 15-ի համարում ավելի հեռուն գնացող եզրահանգման է գալիս. «Եթե տրանսգենդերներ աճեցնելով պետք է առաջ քաշել Եվրոպային, ուրեմն Եվրոպան մերը չէ ու մեզ պետք չէ։ Այն մարդիկ, ովքեր ուզում են նման ձևով Եվրոպա, թող հասկանան, որ Եվրոպա-Եվրոպա խաղալով հայություն ենք կորցնում, իմ ու քո երեխային ենք կորցնում ու նրա ապագան...»։

Այս ամենն անտեսելը չափազանց վտանգավոր է, քանի որ նման խեղաթյուրումները լայն տարածում են ստանում։ Գրող, հրապարակախոս Կարեն Անտաշյանը վերլուծում է կարծրատիպային մոտեցումները. «Ամենամեծ միֆն այն է, որ մենք ունենք ինչ-որ անձեռնմխելի և սրբազան ինքնություն, որի հոգատար պահպանումը միայն կապահովի մեր գոյատևումը։ Այդպես չէ, ինքնությունը ինքդ քո մասին ունեցած գիտելիքն է, որի հետ դու քեզ նույնացնում ես, բայց դա մի չափազանց պայմանական բան է, ու կան ժամանակներ, երբ այդ պայմանական բանը ծառայում է ի սպաս հանրային բարիքի արտադրության, և կան ժամանակներ, որ այդ ինքնությունը մեզ անընդհատ կաշկանդում է ու հետ պահում լիարժեք ու երջանիկ ապրելու հնարավորությունից»։

Փաստելով, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը պահպանողական է, Կարեն Անտաշյանը կարևորում է սեփական ընկալումների դաշտը ընդլայնելն ու նախկին պայմանականությունների ու ավանդների վերանայումը, այսինքն՝ ազատականացումը

«Ամեն մի հասարակության մեջ կոլեկտիվ բարոյականությունն ու անցյալի ավանդը, մյուս կողմից՝ դա վերանայելու կամքը ազատականության տարբեր սանդղակների վրա են։ Հանրային աջակցություն ակնկալող ցանկացած անձ կամ կազմակերպություն միշտ հենվում է այս երկու ուժերից մեկի վրա՝ հայտ ներկայացնելով կամ պահպանողականության ամրապնդմանը, կամ հակառակը՝ այն վերանայելուն, եթե տվյալ պահին տվյալ հասարակության մեջ կան այդպիսի սպասումներ»։ 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը շեշտում է, որ գենդերային հիմնահարցերը, որպես մարդու իրավունքներին վերաբերող խնդիրների առավել զգայուն հատված, մշտապես գտնվում են բախումների կիզակետում.

«Մի դեպքում այն համարվում է հասարակության մարդակենտրոն զարգացման կայուն ցուցիչ, մյուս դեպքում՝ ավանդական արժեքների փլուզման սպառնալիք։ Եվ այս մոտեցումները հաճախ շահարկվում են` լուծելով թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական խնդիրներ։ Այն, որ Հայաստանի կողմից վավերացված միջազգային փաստաթղթերը մեր իրավական համակարգի մասն են կազմում, ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ։ Եթե հասարակական ընկալումներում մարդն ու նրա արժանապատվությունը գերագույն արժեք են, ինչը ևս ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ, ապա խտրականության, անհավասարության ու բռնության ցանկացած դրսևորում օրենքով սահմանված կերպով պետք է դատապարտվի։ Սակայն հաճախ մենք լսում ենք դիմադրության ձայներ, որոնք հավասարություն ու հակախտրականություն, նաև՝ բռնությունից զերծ ապրելու իրավունք ամրագրող իրավական ակտերը կոչում են հայ հասարակության ավանդական արժեքները փլուզող, հայ ընտանիքը քայքայող։ Եվ այդ երկու մոտեցումների բախումը ի հայտ է գալիս քաղաքական կողմնորոշման փնտրտուքի համատեքստում ևս»։

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե նախորդ վարչախմբի ժամանակ մանիպուլյացիաներն ուղղված էին արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ու Հայաստանը եվրասիական քաղաքակրթական ընտանիքում տեղավորելուն, այժմ՝ հետհեղափոխական իրավիճակում, թիրախը նաև նոր կառավարությունն է. «Դա շատ հարմար ու արդեն փորձարկված գործիք է, որն օգտագործվում է նաև ներկայիս իշխանության դեմ՝ դարձյալ մանիպուլացնելով վախերով ու ֆոբիաներով պարուրված, տեղեկատվական աղմուկից խլացած հասարակությանը», - նշում է Զարուհի Հովհաննիսյանը։

 

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ