Բացել լրահոսը Փակել լրահոսը
117769
A A
Քաղաքականություն

Տալիս եմ իմ համաձայնությունը մասնակցելու 2020 թ.-ին Արցախի նախագահական ընտրություններին. Վիտալի Բալասանյան (տեսանյութ)

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի կոնֆերենս դահլիճում այսօր՝ նոյեմբերի 30-ին, կայացել է Արցախի «Արդարություն» կուսակցության 2-րդ (արտահերթ) համագումարը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին ելույթներով հանդես են եկել «Արդարություն» կուսակցության համանախագահներ և անդամներ:
 
Իր խոսքում «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն ասել է, որ կուսակցությունն Արցախի կայացման ու զարգացման այս ժամանակահատվածում, արձանագրելով առկա բազմաթիվ նոր իրողությունները, գնահատելով երկրին նետված նոր մարտահրավերները, որպես Արցախի գոյության համար մեծագույն վտանգներ՝ փաստում է, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով Արցախի խնդրի խաղաղ կարգավորման հարցում ստեղծվել է նոր իրավիճակ, ինչը պայմանավորված է ՀՀ նոր իշխանությունների կողմից որդեգրած նոր մոտեցումներով, սկզբունքներով, մարտավարությամբ ու ռազմավարությամբ:

«Միևնույն ժամանակ Արցախի հիմնախնդրի լուծման հարցում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս որդեգրել է նոր մարտավարություն՝ հավատարիմ մնալով իր այն թեզիստների հետ, որ անհրաժեշտ է վերացնել Արցախի սուբյեկտայնությունը և այն բռնակցել Ադրբեջանին»,- նշել է Հ. Հակոբյանը:

Կուսակցության համանախագահի խոսքով՝ «Արդարություն»-ը գտնում է նաև, որ երկրի կառավարչի և ղեկավարի ունակություններով, գիտելիքներով և փորձառությամբ մարդկային բարձր բարոյական անհրաժեշտ հատկանիշներով օժտված, երկրին և ժողովրդին նետված փորձությունների ժամանակ ճակատագրական և ճշգրիտ որոշումներ կայացնող և իրագործող, Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին և արցախյան ազատամարտին մասնակցած, ռազմական փայլուն հաղթանակներ կերտած անձը, որի կարիքը Արցախի ժողովուրդը և համայն հայությունն ունի այսօր, դա Արցախի հերոս, գեներալ մայոր Վիտալի Բալասանյանն է:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Վիտալի Բալասանյանն ասել է, որ ինքը քաղաքական պայքարի մեջ է մտնում հանուն ժողովրդի համերաշխության և միասնության, հանուն արցախցու արժանապատվության:

Վ. Բալասանյանը կարծում է, որ Արցախն արդեն կայացած պետություն է իր ինստիտուտներով: «Այո, դեռևս կա Արցախի չլուծված հիմնախնդիր, որը պետք է լուծվի: Այդ հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության ուժային լուծումից հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ»,-նշել է Վ. Բալասանյանը:
 
Համագումարի բոլոր մասնակիցների կողմից որոշումն ընդունվել է միաձայն: