Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժիրայր Սեֆիլյան
A A
Քաղաքականություն

Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին․ Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Փողով զինվորական ծառայությունից ազատվելու տարբերակների մասին մտածելու փոխարեն հարկավոր է առանց հապաղելու գործել ծառայությունն արդար և հնարավորինս անվտանգ դարձնելու համար։ Առանց այդ էլ հարուստների տղաները այս կամ այն ձևով խուսափում են ծառայությունից։ Հայրենիքի պաշտպանությունը դարձել է միայն աղքատների խաչը։

Առաջին հերթին անհրաժեշտ է.
1) Առաջնագծից հանել զինակոչի միջոցով պարտադիր ժամկետային զինծառայություն անցնող 18-20 տարեկան երիտասարդներին և առաջնագծի պաշտպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին։ Այդ նպատակով ԱԱԾ Սահմանապահ զորքերը փոխանցել Զինված Ուժերին և համալրել բացառապես փորձառու պայմանագրային զինծառայողներով, այդ թվում՝ ներկայիս Ոստիկանության զորքերը կրճատելու միջոցով առաջանալիք կադրային ռեսուրսի հաշվին։

2) Արմատապես վերափոխել զինվորական ծառայության սոցիալական, կենցաղային և բարոյահոգեբանական բովանդակությունը՝ ներկայիս կայսերական-քրեականի փոխարեն հաստատելով ազգայինի վրա հիմնված արդարության և զինական եղբայրության մթնոլորտ, որպեսզի բացառվեն նվաստացումները, սպանություններն ու ինքնասպանությունները։

3) Ժամկետային պարտադիր ծառայության ժամկետը կրճատել նախ մինչև 18 ամիս, ապա՝ հասցնել 12 ամսվա։

Պաշտպանության խնդիրը չի կարելի լուծել 18-20 տարեկաններին մատաղ անելու հաշվին։ Նրանք պետք է ընդամենը մեկ տարի ծառայեն և այդ ժամանակահատվածում միայն մարզվեն, վարժվեն և դառնան պատրաստի մարտիկ։ Ուրիշ ոչինչ։ Առանց նրանց կյանքն ու առողջությունը վտանգելու։
Փոխարենը՝ պետք է զարգացնել պայմանագրային ծառայության համակարգը և Շվեյցարիայի օրինակով ներդնել նաև աշխարհազորային (միլիցիոնային) ծառայության համակարգ՝ ակտիվ պահեստազորի բաղադրիչով։ Այդ դեպքում բոլորը պետք է պարբերաբար մասնակցեն վարժանքների, իսկ ակտիվ պահեստազորը՝ նաև սահմանի պաշտպանության գործընթացին։

Ներկայիս պաշտպանության համակարգն ապազգային է և անբարոյական, ուստի պետք է արմատապես փոխվի։ Հայրերն ու ավագ եղբայրները չեն կարող և իրավունք չունեն մահվան վտանգի ենթարկել իրենց զավակներին ու կրտսեր եղբայրներին, թաքնվել նրանց թիկունքում և պասիվ դիտորդի նման հետևել, թե ինչպես են նրանք նվաստացվում, խեղվում և զոհվում»։