Բացել լրահոսը Փակել լրահոսը
GevHovh
A A
Հասարակություն

Ավտոներկրողները կիրակի և երկուշաբթի ակցիա կանեն․ օրակարգում ՊԵԿ նախագահի և տեղակալի հրաժարականներն են (տեսանյութ)

Այսօր ավտոներկրողները, Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ, «Իրավունքի սահման» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան, պահեստազորի գնդապետ Գևորգ Հովհաննիսյանը հանդիպել են Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ։

«Ա1+»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ Գյումրու մաքսատան արդյունավետության բարձրացման, աջղեկ մեքենաների ներկրման թույլատրման և դրա հաշվին ադրբեջանական տնտեսությանը ֆինանսավորելու դադար տալու վերաբերյալ քննարկումները որևէ արդյունք չեն տվել(Հովհաննիսյանը նկատի ունի, որ աջ ղեկով մեքենաների փոխումը կատարվում է Վրաստանում, և այդ աշխատանքով զբաղվում են ադրբեջանցի գործարարները, իսկ Հայաստանում արգելված է աջղեկ մեքենաների ներկրումը, և դրա միջոցով Հայաստանում դա իրականացնելով՝ եկամուտ ստանալու հնարավորությունն այլևս չկա - հեղ․)։

«Մարդկային առումով պարոն Մաշադյանն ընդունեց, որ այո, միանշանակ պետք է  ադրբեջանական կողմի ֆինանսավորումը դադարեցնել։ Սակայն հարցը կարգավորված է օրենսդրական մակարդակով, և առնվազն անհրաժեշտ է վարչապետ Փաշինյանի հանձնարարականը հարցը նորից Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար։ Բայց ԱԺ-ի մոտակա քառօրյան լինելու է արդեն դեկտեմբերի սկզբին, որից հետո ԱԺ-ն գնում է արձակուրդ․ գործընթացն ուղղակի այս պահին սկսել չի լինի»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Գյումրու մաքսատանը՝ իրավապաշտպանը ևս մեկ անգամ նշեց, որ այն գործում է անարդյունավետ։ Նրա փոխանցմամբ, ինչ-որ անհայտ կազմակերպություն, ինչ-որ մրցույթում հաղթել է, որպեսզի կոնտեյներներից փոխադրված տրանսպորտային միջոցները բեռնաթափի:

«Այդ կազմակերպությունն անհայտ է, թե որքան աշխատակից ունի, բայց հաստատ կարող եմ ասել, որ դրանց մեծ մասը ոչ պրոֆեսիոնալներ են, ինչի հետևանքով բեռնաթափման ժամանակ զգալի թվով տրանսպորտային միջոցների պատճառվում են նյութական վնասներ, ուղղակի կոտրվում են»,- նշեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահը։

«Իրավունքի սահման» ՀԿ ղեկավարն ասաց, որ կիրակի և երկուշաբթի ակցիա են իրականացնելու և պահանջելու են Դավիթ Անանյանի և նրա տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի հրաժարականները, քանի որ իրենց տեղեկություններով տվյալ կազմակերպությունը պատկանում է հենց Շուշանիկ Ներսիսյանին։

Հովհաննիսյանը կոչ է անում բոլոր զորացրված զինծառայողներին մասնակցել ակցիաներին։

Մանրամասները՝ տեսանյութում