Փորձելու ենք վերականգնել արդեն եղած մատենաշարերը․ Մատենադարանի տնօրեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄատենադարանը նշում է իր 60-ամյա տարելիցը՝ որպես գիտահետազոտական ինստիտուտ։ Գիտական տոնը Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը նշում է 3-օրյա գիտաժողովով։
Ամենամյա գիտաժողովի նախաձեռնողը «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն է։
«Այս գիտաժողովը նաև ինչ-որ առումով հարթակ է մեզ՝ երիտասարդներիս համար։ Մենք այստեղ կարողանում ենք մեր խոսքը հղկել, պարզեցնել և ներկայացնել մեր աշխատանքի արդյունքները», - ասաց ՀԿ նախագահ Խաչիկ Հարությունյանը։
Ավելացնում է՝ երեք օրերի ընթացքում կլինեն զեկուցումներ նվիրված պատմագիտությանը, աղբյուրագիտությանը, ձեռագրագիտությանը, բանասիրությանն ու աստվածաբանությանը։
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով՝ գիտաժողովը միջազգային է, մասնակցում են երիտասարդ ուսումնասիրողներ նաև այլ երկրներից, գիտնականներ, որոնք հետաքրքրված են հայկական մշակույթով ու հայերենով։
«Մենք փորձելու ենք նախ վերականգնել արդեն եղած մատենաշարերը, որոնք, 25-30 տարի դադարել են ինչ-ինչ պատճառներով և դրանց վրա ավելացնել նորերը։ Այսինքն՝ ունենալ հավասարաչափ ուսումնասիրվող ուղղություններ, որոնք կընդգրկեն այս ամբողջ ձեռագրական հարուստ ժառանգությունը»,- խոսելով Մատենադարանի առաջիկա անելիքներից՝ ասաց տնօրենը։ Նա ավելացրեց՝ գիտության մեջ կան շատ ուղղություններ, որոնք դեռ կարիք ունեն նախ մասնագետների պատրաստման, հետո նաև այդ ուղղությամբ որոշակի ռեսուրսներ ներդնելու։