Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

«Սասնա ծռեր»-ի հայտարարությունը

Եթե Հայաստանն իրավապահպան մարմիններ ունենար, այլ ոչ թե ընդամենը դրանց անվան տակ հանդես եկող անգործունակ կառույցներ, ապա դեռևս մեկուկես ամիս առաջ մամուլի հաղորդագրություններում կտեսնեինք ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումների հիման վրա հրապարակված հետևյալ բնույթի տեղեկատվություն:

«Ինչպես տեղեկացանք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝ հիմք ընդունելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ս.թ. հոկտեմբերի 8-ին «Լայվ նյուզ»-ին տված հարցազրույցում Վիտալի Բալասանյանի կատարած հայտարարություններում հնչած հանգամանքների ստուգման արդյունքները, ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 9-րդ կետերի, 34-305-րդ հոդվածի և 224-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից երկու և ավելի անձանց՝ ահաբեկչությամբ զուգորդված սպանության, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության նախապատրաստության և այդ նպատակով օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելու կամ դրանց մասնակցելու համար:

Հաշվի առնելով նախապատրաստվող ենթադրյալ հանցագործությունների առանձնապես ծանր բնույթը, Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նկատի ունենալով, որ Վիտալի Բալասանյանը խուսափում է քննությունից և հրապարակային հայտարարություններ է կատարել նախաքննության մարմիններ չներկայանալու վերաբերյալ, վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ձեռնարկված-օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիտալի Բալասանյանը հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքում և արդեն կալանավորվել է: Քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցներ են ձեռնարկվում նրա հետ միասին առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նշված արարքները կատարելու մեջ մեղավոր այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես, պարզաբանեցին, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունների առթիվ քրեական գործ հարուցելու և նախաքննություն կատարելու հիմքը նրա և դեռևս չբացահայտված անձանց կողմից կատարված հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող տվյալներն են։ Ըստ ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանության, որը հիմնված է նաև ԼԴ/0018/11/16 քրեական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2017 թ. որոշման վրա, քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է ոչ թե հանցակազմի բոլոր տարրերի, այլ սոսկ հանցագործության արտաքին հատկանիշների առկայության հավաստումը։

«Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ենթադրությունն օբյեկտիվորեն կրում է հավանական բնույթ, քանի որ դրա վերջնական հաստատումը գործի քննության հետագա փուլերի խնդիրն է։ Քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ենթադրում է հանցագործության հատկանիշների վերաբերյալ տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտա ենթադրություն կատարել հանցագործության հավանական առկայության վերաբերյալ։ Հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների դեպքում պետք է հարուցվի քրեական գործ, քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով, ինչն էլ հնարավոր է հարուցված քրեական գործի պայմաններում։ Այսինքն՝ քրեական գործի հարուցման հարցը լուծելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է ղեկավարվի նման կասկածները հօգուտ լիարժեք քննություն իրականացնելուն մեկնաբանելու սկզբունքով»։

Մամուլը մեզ նաև կհիշեցներ, որ Վիտալի Բալասանյանը մեղադրել է Նիկոլ Փաշինյանին, թե նա փորձում է ահաբեկել բոլորին, նաև` իրեն և իր նմաններին, ինչին ի պատասխան սպառնացել է ֆիզիկապես ոչնչացնել նրան և նրա կողմնակից «Սասնա Ծռերին», բառացի հայտարարելով հետևյալը. «Որ, տեսեք, ես (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. Խմբ.) ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ և «Սասնա Ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ` Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա Ծռեր»-ին` չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել, րոպե առաջ պատասխան են տալու: Ցռան Վերգոյի տպավորությունը Նիկոլ Փաշինյանինն է և իր կողմնակիցներինը, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք՝ անկախ մեր տարիքից, զբաղեցրած դիրքից և պաշտոնից, այսօր էլ մեր հնարավորությունները ներում են, որ եթե ինչ-որ մեկն ահաբեկչական գործողություն անի թե՛ սահմանում, թե՛ երկրի ներսում, պատասխան կտա: 2016 թվականին ներել ենք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ՝ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»։
 
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարություն