Մեքենաների տեխզննումը կդադարեցվի՞․ պատգամավորների առաջարկը՝ օրինագծի տեսքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանն առաջարկում են ավտոտրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկան զննումը դադարեցնել, մշակել են օրինագիծ։
Ըստ պատգամավոր Արթուր Դալլաքյանի՝ փոփոխությունների մեջ են մտնում նաև բնապահպանության նոր դրույքաչափերը, նոր հարկատեսակ, որն անմիջականորեն փոխում է մի սկզբունք։
«Նոր նախագծով՝ մենք առաջարկել ենք, որ ամեն տրասնպորտային միջոց, ըստ զանգվածի, կվճարի ճանապարհային հարկ, որը կկոչվի «Ճանապարհային օգտագործման հարկ»։ Բնապահպանության հարկը մենք իջեցրել ենք, բերել ենք նոր ձևաչափ, որը կհավաքվի ըստ շարժիչի վառելիքի վճարման տուրքի։ Բենզինը և գազն այլ վճարում կունենան, դիզելային շարժիչն՝ այլ վճարում»,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ հաշվի են առել միջազգային փորձը։
Տեխզննման դադարեցման պատճառը, ըստ Դալլաքյանի, այն է, որ տարիներ շարունակ այն կրել է ձևական բնույթ, սպասարկում չի կատարվել, տեխնիկական զննում կատարող կայանները արհեստական բնույթ են կրել։
«Մինչ օրս՝ 15 տարի շարունակ, տրանսպորտային միջոցը, որպեսզի տեխնիկական զննում անցնի, մի հատ թղթի համար վճարում է կատարել ու չի ստացել որևէ տեսակի ծառայություն»,- նշեց ԲՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ այդ ծառայությունն իր մեջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։
«Տեխնիկական զննության ծառայությունը, որն այսօր, եթե չեմ սխակվում, ունի 33 կայան ու դրանցից 12-ը կենտրոնացած է Երևանում, ուղղակի պարզ հաշվարկով կարող ենք, հասկանալ, արդյոք այս տարիների իրենց աշխատանքն անո՞ւմ են, թե չէ։ Ինչքա՞ն մեքենա ունենք Հանրապետությունում, և ինչքա՞ն կայան կա, բնականաբար՝ էդ կայանները ֆիզիկապես էլ չեն կարող սպասարկել այդքան կայանների»,- շարունակեց Արտյոմ Ծառուկյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ իր «Մերսեդես Ցե» 1996 թ․, շարժիչը՝ 1,8 ծավալով մեքենայի գույքահարկի համար վճարում է 15000 դրամ, և տեխզննման կտրոնի համար՝ 10500 դրամ, և հարցին, թե նոր հարկատեսակով վարորդի գրպանին կպնելո՞ւ են, թե՞ չէ, Դալլաքյանը պատասխանեց․
«Ձեր մեքենայի զանգվածն, ինձ թվում է, 1 տոննայից մի քիչ ավել պետք է լինի, ճի՞շտ է։ Նոր նախագծով ունենալու ենք նման տեսք․ Դուք վճարելու եք 10 հազար դրամ ճանապարհի օգտագործման համար և 1000 դրամ բենզինային շարժիչի համար ու վերջ, այսինքն՝ 1000 դրամը համարվելու բնապահպանության հարկ։ Այսինքն՝ Դուք կտրուկ ունենալու եք նվազում Ձեր ծախսերի մասով։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ 25 հազարից իջել է 15 հազար դրամ, որից 10 հազար դրամը միայն ուղղվել է ճանապարհների օգտագործման համար»։
Արտյոմ Ծառուկյանն ասաց, որ Տեխնիկական զննության պահանջը պետք է վերացվի, և դրա փոխարեն մարդը վճարի ճանապարհային օգտագործման համար, և հստակ իմանա, որ ինքը վճարում է այս տարի, եկող տարի իր վճարած գումարով ճանապարհ է սարքվելու, ավելի ենթակառուցվածքները զարգանալու են։
«Այսինքն՝ ինքն իր համար է վճարում։ Իր վաղվա հարմարավետության համար է վճարում»,- եզրափակեց նա։