Բացել լրահոսը Փակել լրահոսը
77120660_497600030867599_8750632992403095552_n
A A
Քաղաքականություն Հասարակություն

«Կամազ»-ների մի մասը նվեր է Սամվել Ալեքսանյանից․ Դավիթ Խաժակյան (տեսանյութ)

Երևանում ստորգետնյա և վերգետնա ավտոկայանատեղիների կառուցումը հրատապ խնդիր է, որովհետև մեքենաները շատացել են։ Լրագրողների հետ զրույցում Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքային իշխանությունն այս խնդրին պետք է արձագանքեր, որի մասին իրենք խոսել են դեռ իրենց ընդունած՝ 2018 թվականի Երևանի հնգամյա զարգացման ծրագրում։

Նա մատնանշեց նաև մի շարք տրանսպորտային հանգույցների հետ կապված խնդիրներ, մասնավորապես՝ «Հայրենիք» կինոթատրոնի և կրկեսի մոտակայքում գտնվող հանգույցները։

«Չորրորդ կարգի վթարային շենքերի վերաբերյալ ևս հնգամյա ծրագրում նշված էր, որ բնակիչները պետք է վերաբնակեցվեին։ Այժմ ներկայացվել է Երևանի զարգացման ծրագիր, որտեղ նշածս կետերը բացակայում են։ Մենք մտածեցինք, որ այդպես հնարավոր չէ, և սկսեցինք ուսումնասիրել մեր իրավական ակտերը։ Մենք հասկանում ենք, որ որևէ խոչընդոտ չկա», - ասաց Դավիթ Խաժակյանը։

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այսօր դիմելու են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ պահանջելով պարզաբանումներ ներկայացված խոչընդոտների վերաբերյալ։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարը օրեր առաջ իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աղբահանության խնդրի լուծման համար ձեռք են մեկնել խոշոր գործարարները և «Կամազ» մակնիշի մեքենաներ են նվիրել։ Ավագանու անդամը պարզաբանում ստանալու համար նոյեմբերի 18-ին դիմում է ներկայացրել քաղաքապետին, սակայն պատասխան դեռ չի ստացել։

«Ինձ ապշեցնում է այն հանգամանքը, որ այն խմբակցությունը, այն ուժը, որը յուրաքանչյուր հաջորդ եկած բեռնատար մեքենան նկարում և ֆեյսբուքում տարածում է, այսօր չի ցանկանում անդրադառնալ այն հարցին, թե ի վերջո այդ երկու և ավել տասնյակ մեքենաները ումի՞ց են նվեր ստացել և ինչի՞ դիմաց։ Եթե իրենք նախապես հայտարարեին, որ «Ալեքս հոլդինգ» ընկերությունը ցանկանում է իրենց նվեր անել, ես կհասկանայի․ հրապարակային կլիներ, թափանցիկ կլիներ, տեսանելի կլիներ։ Բայց, եթե ամիսներ շարունակ իրենք դա պահել են, ես այստեղ հստակ խնդիր եմ տեսնում։ «Կամազ»-ների մի մասը նվեր է ստացվել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի կողմից: Սա իմ ունեցած ոչ պաշտոնական տեղեկությունն է, որը, կարծում եմ՝ կհաստատվի»,- ասաց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Խմբակցության անդամները կապ են տեսնում նաև «Երևան» հիմնադրամի հետ՝  մտահոգություն հայտնելով, որ կարող են կոռուպցիոն ռիսկեր լինել։

Տեսանյութը՝ Factor.am-ի