Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը ՎԶԵԲ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում Բելառուս կատարած արդյունավատ այցերի ընթացքում նախանշվել են փոխգործակցության զարգացման համար մեծ ներուժ ունեցող ոլորտներն ու ուղղությունները, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտները։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համատեղ նախագծերի իրականացումը: Վարչապետ Ռումասը նշել է, որ միավորելով ուժերը՝ Հայաստանն ու Բելառուսն ավելի արագ առաջ կշարժվեն այս ոլորտում: «Դուք ունեք ձեր մրցունակ մշակումները, մենք՝ մերը: Պետք է հասկանանք ինչպես դրանք համատեղել՝ սիներգիա ունենալու համար»,-ավելացրել է նա: