Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Վիլսոնի մարդասիրական գործունեությունը մեր իշխանությունների կողմից աննկատ է մնացել» (տեսանյութ)

99 տարի առաջ այս օրը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրեց Իրավարար վճիռը։ Վիլսոնյան իրավարար վճռի ստորագրման առիթով այսօր Երեւանում տեղի ունեցավ գիտաժողով։

Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանն ընդգծեց, որ կարևոր է, որպեսզի մեր ազգի և աշխարհի քաղաքական մտքի մեջ մտցնենք, որ 1920 թվականի նույեմբերի 22-ը և 29-ը արյունով կապված երկու օրեր են․

«Սովետականացումը տեղի ունեցավ այն պատճառով, որ Միացյալ Նահանգները փորձեց միանգամայն իդեալիստական նկատառումներով հայտարարել Հայաստանը ազատ, անկախ և միացյալ երկիր»։

Խզմալյանն ընդգծում է, որ Վուդրո Վիլսոնը Ամերիկան դարձրեց համաշխարհային պետություն․

«Նա արեց երկու կարևոր բան՝ փոխեց ԱՄՆ Սահմանադրությունը՝ դրանով հնարավորություն ստեղծելով,  որ ԱՄՆ բանակը իր պատմության մեջ առաջին անգամ իր սահմաններից դուրս գա և դրանով վերջակետ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին։ Երկրորդ գործողությունը, որ արեց Վիլսոնը, այն է, որ Միացյալ Նահանգների ժողովրդի արձագանքը Հայոց եղեռնին դարձեց ԱՄՆ-ը համաշխարհային տերություն»։

Քաղաքագետ Արա Պապյանն էլ նշեց, որ այդ փաստաթուղթը մաս է կազմում ԱՄՆ ներքին օրենսդրության, և քանի դեռ ԱՄՆ-ը գոյություն ունի, այս փաստաթուղթը կատարման համար պարտադիր փաստաթուղթ է․

«Վիլսոնը ընդունեց մի փաստաթուղթ, որ անկախ նրանից՝ ով կլինի ԱՄՆ նախագահը, պարտավորությունը մնա»։

Պապյանի խոսքերով՝ ցավալի է, որ Վիլսոնի մարդասիրական գործունեությունը իշխանությունների կողմից մշտապես աննկատ է մնացել․

«Հասկանալի է, որ Սովետի ժամանակ չէին ուզում լավ բան ասել ԱՄՆ-ի մասին, իսկ հիմա պետք է նաև այն առումով, որովհետև ամերիկացիները շատ են սիրում իրենց պատմությունը»։

Պապյան ընդգծում է, որ մինչև Իրավարար վճռի 100 ամյակը մենք հնարավորինս շատ պիտի խոսենք այս մասին, ցանկալի է 100 ամյակը պատշաճ նշել։