Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բարգավաճ
A A
Քաղաքականություն

Քաղաքապետարանի պարգևավճարների ֆոնդը 700 միլիոն դրամից բարձրացվել է 1,9 միլիարդ դրամի․ Հռիփսիմե Առաքելյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը մի շարք մտահոգություններ ունեն՝ ավագանու 2020 թվականի բյուջեի վերաբերյալ։ 

Հռիփսիմե Առաքելյանն ասաց, որ քաղաքային իշխանությունները չեն կատարել 2019 թվականի բյուջեով նախատեսված որոշ ծրագրեր, այդ իսկ պատճառով գումար է ավելացել, ինչի մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Հարգելի պատճառներից մեկը նշում է, որ «Սանիթեքին» չեն վճարել մոտ 1 միլիարդ 100 միլիոն դրամ, քանի որ վերջինը պատշաճ չի կատարել իր աշխատանքը։ Եվ գումարի տնտեսում է եղել»,- շարունակեց խմբակցության քարտուղարը։ Հռիփսիմե Առաքելյանի համար նաև հարցեր են առաջացել աղբահանության հետ կապված, թե ինչպես է գումար տնտեսվել, եթե ավագանին ուրիշ տեղերից է գումար վերցնում աղբահանության հետ կապված խնդիրները լուծելու համար։

Ավագանու անդամը նաև անդրադառնում է բյուջեով նախատեսված ծրագրերին․ «4-րդ կարգի վթարային շենքերի քանդման համար հատկացնել 90 միլիոն դրամ, բնակիչների վարձայալության համար հատկացնել այսքան գումար»։

Ըստ նրա՝ ոչ ոք չի հասկանում, թե որ շենքերի մասին է խոսքը, և խմբակցությունը «քցել-բռնելուց» հետո հասկացել է, որ Արցախի 8 և 10 շենքերի մասին է։ «Ոչինչ գրված չէ, հասկանո՞ւմ եք»,- ասաց նա։

Խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ասաց, որ այն կետերը, որ ներկայացրել են գործադիր և քաղաքային իշխանությունները բյուջեի ծրագրում լիարժեք հիմնավորված չեն։

«Օրինակ՝ առաջապահական համակարգին հատկացվող խնդիրներից։ 170 միլիոն այս տարի հատկացվում է առողջապահությանը։ Ասվում է, որ «գնելու ենք նոր սարքավորումներ, գինեկոլոգիական սեղաններ, բիոքիմիական անալիզատորներ և այլն»»,- նշեց կետերից մեկը Մանրիկյանը՝ հարցադրում անելով, թե ինչի հիման վրա են դրանք գնվելու, արդյո՞ք կան համապատասխան մասնագետներ։

Ըստ նրա՝ եթե գնվում է բժշկական սարքավորում, պետք է լինի մոնիթորինգ, համապատասխան մասնագետներ։ Մանրիկյանի առաջարկն է բյուջեով նախատեսել այդպիսի մասնագետների վերապատրաստման ֆինանսավորումը։ Խմբակցության ղեկավարն ասաց, որ 250 սոցիալապես անապահով անձի է ընդամենը տրամադրվելու անվճար տոմոգրաֆիայի և յամեր անցնելու հնարավորություն․ «Ինչի՞ Երևանը 10-20 հազար բանակչութուն ունեցող քաղաք է, որ ունի 250 սոցիալապես անապահով անձ։ Միլիոնից ավել բնակչություն ունեցող քաղաք է»։

Առաքելյանն անդրադարձավ նաև հրատապ ծախսերի հարցին՝ նշելով, որ որևէ կերպ հիմնավորված չէ, թե ինչի վրա է ծախսվել այս տարվա համար նախատեսված 30 միլիոն դրամը, որից հետո որոշում է կայացվել հաջորդ տարվա համար տրամադրել 355 միլիոն դրամ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ քաղաքապետարանը ցանկանում է կանաչապատման համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծել, որ համար նախատեսվում է տրամադրել 3 միլիարդ 400 միլիոն դրամ։ «Ինչպե՞ս եք հաշվարկել»,- հարցադրում է անում Հռիփսիմե Առաքելյանը։ 

Իր հերթին խմբակցության ղեկավար Մանրիկյանը հարցադրում է անում, թե ինչու իր աշխատանքը պատշաճ չկատարող գետերի հուները մաքրող կազմակերպության հետ չի խզվում պայմանագիրը, իսկ «Սանիթեք»-ի դեպքում քաղաքային իշխանությունները միակողմանի խզում են։ 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը նշեց նաև, որ 2020 թվականի բյուջեով իրատեսական ծրագիր չկա տրանսպորտի լուծման հարցում, անդրադարձ չկա ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիների կառուցմամբ քաղաքը մեքենաներից բեռնաթափելու խնդրին։

Հռիփսիմե Առաքելյանն անդրադարձավ նաև աղբահանությամբ զբաղվող հիմնարկին շուրջ 20 «ԿամԱզ» մակնիշի մեքենաների նվիրաբերմանը, որի մասին բարձրաձայնել էր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը․ «Ի՞նչ սխեմաներով և ովքե՞ր են այդ նվիրատուները և ինչո՞ւ են այդ 20 «ԿամԱզ»-ը նվիրել մեր աղբահանության կազմակերպությանը։ Մենք այսօր կփորձենք հասկանալ, թե ինչ նվիրատուների մասին է խոսքը»։

Ավագանու անդամները նաև ասացին, որ պարգևավճարների ֆոնդը 700 միլիոն դրամից բարձրացվել է 1,9 միլիարդ դրամի։