Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը սխալ է, նրան փողոցներում և մայրուղիներում պարտադրել են հեռանալ․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

«Սերժ Սարգսյանը հեռացել է ոչ թե այն պատճառով, որ ժողովուրդը ավելի լավ պետություն ստեղծի, այլ ժողովուրդը Սերժ Սարգսյանին հեռացրել է, որպեսզի ավելի լավ պետություն ստեղծի»,- այսպես է արձագանքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարում ունեցած ելույթին, որում նա անդրադառնալով իր հրաժարականին, ասել է՝ հեռացել է, որպեսզի իր ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել։
 
«Այո՛, Սերժ Սարգսյանը ճիշտ է լավ պետություն ստեղծելու մասով, որովհետև նա 10 տարի կառավարել է Հայաստանը և ցավոք մենք չենք կարողացել լավ պետություն ստեղծել։ Եվ ճիշտ է, որ նրա հեռանալուց հետո մենք շատ ավելի լավ պետություն ենք սկսել կառուցել, ավելի ժողովրդավար, ֆինանսապես ավելի զարգացած, որը տնտեսական բարձր աճի տեմպեր է արձանագրում և այս տարի մենք կունենանք պատմական ռեկորդ վերջին 12 տարիներ համար մոտ 7-8% տնտեսական աճ կարձանագրենք, սա հեղափոխության արդյունքն է։ Բայց մի բանում Սերժ Սարգսյանը սխալ է, նա ինքնակամ չի հեռացել, նրան հարյուր հազարավոր քաղաքացիներ Երևանի և Հայաստանի այլ քաղաքների փողոցներում և մայրուղիներում պարտադրել են հեռանալ իշխանությունից։ Սերժ Սարգսյանն այլընտրանք չուներ և ստիպված հեռացավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Պապոյանը։
 
Օրենսդիր իշխանության ներկայացուցիչը հակադարձում է Սերժ Սարգսյանին, թե երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, օրինակ բերելով այն, որ Հայաստանում երբևէ խոսքի ազատության բարձր մակարդակ չի եղել, ինչպես հիմա է։
Սերժ Սարգսյանը հայտարարել էր նաև, որ այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն այսպես է արձագանքում.

«Մենք ժողովրդին հաճո քայլեր ենք անում, այո՛, մենք բանակը զինում ենք, զինվորին նորմալ սնունդ ենք տալիս, կենսաթոշակները բարձրացնում ենք, ճանապարհ կառուցում ենք, ընտրություն չենք կեղծում, մարդ չենք ծեծում, այո՛ ժողովրդահաճո քայլեր ենք կատարում, եթե իրենք դա պոպուլիստական են համարում, թող համարեն»,- ասաց Գևորգ Պապոյանը և հավելեց, որ շարունակելու են այնպես աշխատել, որ այլ ոլորտներում նույնպես փոփոխություններ կատարեն։

Դատական համակարգում իշխանության կողմից որևէ միջամտություն չի տեսնում Գևորգ Պապոյանը, մինչդեռ Սերժ Սարգսյանը հակառակն էր հայտարարել։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը թեև փաստեր չունի, բայց նշում է, եթե դատական իշխանության նկատմամբ միջամտություն կա, ապա այն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատից է տեղի ունենում։
 
«Այս իշխանությունները դատական իշխանության վրա ոչ մի ազդեցության լծակ չունեն, որովհետև ոչ մեկին իրենք չեն նշանակել, բոլորին նշանակել են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը»,- ընդգծեց նա։
 
Մանրամասները՝ տեսանյութում։