Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թվային աշխարհի սրընթաց զարգացումն ու փոխակերպումները ստեղծել են մի նոր իրականություն

Մրցակցության միջազգային օրվան ընդառաջ այսօր Երևանում տեղի ունեցավ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արդյունավետ մրցակցության ապահովումը թվայնացվող աշխարհում» թեմայով համաժողովը: 

    Համաժողովին մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, տնտեսվարողներ, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և այլք:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնավորապես նշել է, որ Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովը կարևոր առաքելություն ունի՝ խրախուսել  ազատ և մրցակցային շուկաները, քանի որ մրցակցությունն է տնտեսության շարժիչ ուժը: Այդ համատեքստում նա շեշտել է անցած 7 ամիսների ընթացքում ՏՄՊՊՀ-ի կատարած մեծածավալ աշխատանքը, մասնավորապես ուսումնասիրությունները,  որոնք աննախադեպ էին իրենց ծավալով և ընդգրկման շրջանակով: «Ազատ մրցակցության ապահովումը կառավարության առաջնահերթություններից է: Բազմիցս հայտարարել ենք և գործով ապացուցել, որ դաշտն ազատականացված է, պետական մակարդակով հովանավորվող մենաշնորհներ չկան և չեն կարող լինել»,- նշել է փոխվարչապետը: Նա հավելել է, որ  կան դրական զարգացումներ, դաշտում հայտնվում են նոր խաղացողներ, փոքրացել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մասնաբաժինը շուկայում:

Իր ելությում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը անդրադարձել է թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ազատ  մրցակցության ապահովման արդի մարտահրավերներին: Նա մասնավորապես նշել է, որ թվայնացումը մի կողմից հնարավորությունների անծայրածիր դաշտ է բացում բիզնեսի համար՝ զարգանալու, ընդլայնվելու և նոր հորիզոններ գրավելու համար, որոնք ոչ շատ հեռու անցյալում անհասանելի էին թվում: Միևնույն ժամանակ թվային աշխարհի սրընթաց զարգացումն ու փոխակերպումները ստեղծել են մի նոր իրականություն, փոխելով շուկաների բնույթն ու բիզնես մոդելները և իրենց հետ բերելով նոր մարտահրավերներ  մրցակցային մարմինների համար, որոնք կոչված են ապահովելու ազատ, արդար, հավասար հնարավորություններ և առողջ միջավայր տնտեսական մրցակցության համար:Այս համատեքստում Գեղամ Գևորգյանը կարևորել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակում մրցակցային մարմինների միջև սերտ գործակցությունը՝ շուկայական մեծ իշխանություն ունեցող խոշոր թվային հարթակների գործունեության ընթացքում ծագող հնարավոր բացասական հետևանքները վերացնելու և կանխարգելելու նպատակով: 

«Այս առումով ամենակուռ համագործակցությունն ունենք իհարկե ԵԱՏՄ Մրցակցության և հակամենաշնորhային կարգավորման հարցերով զբաղվող մարմնի հետ: Բայց անհրաժեշտ է կառուցել համագործակցության նման հարթակներ նաև գլոբալ մակարդակում»,- հավելել է ՏՄՊՊՀ նախագահը: 

Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Ժումանգարին Սերիկ Մակաշևիչն իր հերթին նշել է, որ աշխարհի խոշոր թվային հարթակների 5-յակի կապիտալիզացիայի մակարդակը էականորեն ավելացել  է, նրանց ձեռքին հսկայական միջոցներ են կուտակվել, այդ ընկերությունները գնում են ստարտափերին՝ այդպիսով խոչընդոտներ ստեղծելով նորարարությունների զարգացման ճանապարհին: Նա հավելել է, որ ավանդական օրենսդրական գործիքներով  հնարավոր չէ պայքարել նոր իրողությունների դեմ:

«Խոշոր թվային հարթակները թեև շուկայում գերիշխող չէր ավանդական պատկերացումներով, սակայն շնորհիվ իրենց ձեռքում կուտակված տվյալների բազայի, կարողանում են  որոշիչ ազդեցություն ունենալ շուկայի վրա, և փաստացիորեն դրանք այժմ փակ են, ուստի մեր աշխատանքները ուղղված են նրան, որպեսզի այդ տվյալների բազաներին հասանելիությունն ապահովենք այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են մուտք գործել այդ շուկաներ»,- նշել է պարոն Ժումանգարինը: 

Նա իր խոսքում անդրադարձ է կատարել նաև ԵԱՏՄ շրջանակում այս պահին քննարկվող այլ խնդիրների, մասնավորապես   դեղերի հասանելիության, ԵԱՏՄ պետությունների տարածքում ռոումինգի վերացման հարցերին:  

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարանի արտագնա նիստը, որի ընթացքում ԵԱՏՄ պաշտոնյաները ՀՀ-ում գործունեություն ծավալող տնտեսվարողներին նաև անհատական խորհրդատվություն տրամադրեցին: Նիստերի նպատակն է «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալ այն խնդիրների մասին, որոնք կարող են խոչընդոտել բիզնեսի զարգացմանը:

Միջոցառման ավարտից հետո ԵԱՏՄ պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: 

 

Մրցակցության միջազգային օրվա մասին

 

1980 թվականի դեկտեմբերի 5-ին  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց Սահմանափակող գործարար պրակտիկայի վերահսկման՝ բազմակողմ համաձայ-նությամբ ընդունված սկզբունքներն ու կանոնները, ինչն էլ հիմք հանդիսացավ տարբեր երկրներում մրցակցության պաշտպանության մասին  նոր օրենքների մշակման համար:

2010 թվականին ՄՍԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի նախաձեռնությամբ առաջարկվեց դեկտեմբերի 5-ը պաշտոնապես նշել որպես Մրցակցության միջազգային օր:

Հայաստանը 2017 թվականին միացավ այն երկրների շարքին, որոնք տոնում են մրցակցության օրը:

 

ՀՀ տնտեսական մրցակցության 

պաշտպանության պետական հանձնաժողով