Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները պետք է զգոն լինեն՝ Ադրբեջանը կարող է ներքին լարվածությունը թուլացնել պատերազմական գործողություններով․ Ա․ Բաբաջանյան

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

- Պարոն Բաբաջանյան, այս օրերին բավական լարված զարգացումներ են ընթանում մեր հարևան գրեթե բոլոր երկրներում։ Վրաստանում բողոքի ցույցեր են անցկացվում խորհրդարնական ընտրությունները համամասնական ընտրակարգով անցկանցելու պահանջով, Իրանում սոցիալական խնդիրների պատճառով տեղի են ունենում բողոքի զանգվածային ակցիաներ, լարված է ներքաղաքական իրավիճակը նաև Ադրբեջանում: Կարո՞ղ են արդյոք այս զարգացումները որևէ կերպ ազդել Հայաստանի վրա:

- Այո, մեր տարածաշրջանը չափազանց լարված է, և գոնե այս պահին դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կհետևեն այդ իրադարձություններին, թեև վերջին օրերին Վրաստանում և Իրանում իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել: Սակայն իրադրությունները երկու երկրներում էլ, ինչպես և Ադրբեջանում, կարող են սրվել ցանկացած պահի, ցանկացած աննշան կայծի պատճառով: Այդ իրադարձությունները Հայաստանի վրա ուղղակի ազդեցություն չունեն, բայց կարող են լինել անուղղակի ազդեցություններ, քանի որ խոսքը մի կողմից՝ մեր անմիջական հարևան և բարեկամ երկրների, մյուս կողմից՝ ըստ էության հակառակորդ երկրի մասին է: Հայաստանի շահերից է բխում, որ իրավիճակը երեք երկրներում էլ խաղաղվի, քանի որ տարածաշրջանային երկրների կայունությունը առնվազն անուղղակիորեն ազդում է մեր ազգային անվտանգության վրա: Վրաստանով է անցնում մեր ցամաքային կապը աշխարհի հետ, Վրաստանով են անցնում մեր էներգետիկ ենթակառուցվքածները, և այդ երկրում ներքին անկայությունությունը կարող է ազդել առաջին հերթին այդ ուղղություններով: Նույնը վերաբերում է նաև Իրանին, որի հետ մենք ունենք ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, ենթակառուցվածքային սերտ հարաբերություններ: Մեր շահերից է բխում նաև Ադրբեջանի ներքին կայունությունը, քանի որ ներքաղաքական ցնցումների դեպքում այդ երկրի իշխանությունը կարող է էլ ավելի անկանխատեսելի դառնալ՝ ընդհուպ ներքին լարումները լռեցնելու նպատակով պատերազմական գործությունների սանձազերծում: Այնպես որ մենք պետք է ուշադրությամբ հետևենք հարևան երկրներում կատարվող իրադարձություններին և ֆորսմաժորային իրավիճակների դեպքում պատրաստ լինել:

- Արդյոք այս պայմաններում որևէ անելիք ունի՞ Հայաստանը: Դուք փաստորեն նշեցիք մեզ համար հնարավոր ռիսկերի մասին: Ինչպե՞ս կարող ենք արդյոք մենք որևէ կերպ չեզոքացնել այդ ռիսկերը:

- Ստեղծված իրավիճակը Հայաստանի համար ռիսկերի հետ միաժամանակ պարունակում է նաև որոշակի հնարավարություններ՝ հեռանակարային իմաստով: Փաստորեն, մենք մեր տարածաշրջանի ամենակայուն պետությունն ենք, որը ներկայիս իրողությունների համատեքստում լուրջ առավելություն է մեր հարևանների համամեմատ: Խոսքը աշխարհի, տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող պետությունների հետ հարաբերության մասին է: Մեր տարածաշրջանը աշխարհի ամենազգայուն ռեգիոններից է, որտեղ հատվում կամ հակադրվում են մի շարք աշխարհաքաղաքական կենտորնների շահերն ու  ծրագրերը: Ահա այդ կենտրոնների, այդ թվում՝ գերտերությունների համար չափազանց կարևոր է տարածաշրջանում ունենալ կայուն ներքաղաքական իրավիճակ ունեցող գործընկեր պետություն, որը, փաստորեն, այսօր Հայաստանն է: Եթե դրան գումարենք նաև թավշյա հեղափոխությունից հետո մեր երկրում հաստատված ժողովրդավարությունն ու օրինականությունը, ապա տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող կենտրոնների համար մեր արժեքը կբազմապատկվի: Ժողովրդավարությունը լրջագույն ռեսուրս է, որը պետք է օգտագործել աշխարհի հետ հարաբերություններում: Այս պայմաններում մեր դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական, պրոակտիվ՝ Հայաստանի համեմատական առավելությունները բազմակողմ հարաբերություններում կապիտալիզացնելու համար:

- Տարածաշրջանային այս զարգացումները որևէ կերպ կարո՞ղ են ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

- Հնարավոր ազդեցության մասին ես արդեն խոսեցի: Ադրբեջանում ներքաղաքական լարվածությունը այդ երկրի իշխանությունը կարող է փորձել թուլացնել պատերազմական գործողությունների միջոցով, ինչը նշանակում է, որ մենք այսօր պետք է առավել քան զգոն լինենք: Սակայն առավելությունները, որոնց մասին նշեցի, մեզ հնարավարություն են տալիս դրանք ճիշտ օգտագործելու դեպքում երկարաժամկետ կտրվածքով շահեկան պայմաններ ստեղծել այդ թվում ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում մեր դիրքերի առումով: Մենք պետք է այդ հնարավարությունները ճիշտ օգտագործենք ընդհանրապես և մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում աշխարհին մեզ դաշնակից դարձնելու համար: Ժողովդրավարական Հայաստանը այդ հնարավորությունն ունի: Ի դեպ, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում եղել է ժամանակաշրջան՝ 1990-ականների կեսին, երբ, ինչպես ասօր, Հայաստանը համարվում էր տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ: Այդ փուլում աշխարհը, մասնավորապես՝ Արևմուտքը ղարաբաղյան հարցում ըստ էության մեր դաշանակիցն էր։ Նաև դրա շնորհիվ հնարավոր եղավ ամրագրել ղարաբաղյան պատերազմի հաղթանակները: Պատմությունը, ինչպես հայտնի է, կրկնվելու հատկություն ունի, և մենք այսօր պետք է ճիշտ ու արդյունավետ կերպով օգտագործենք տարածաշրջանում կայուն և ժողովրդավարական պետության մեր այցեքարտը:

- Իսկ արդյոք մեր այսօրվա արտաքին քաղաքականությունը համապատասխանո՞ւմ է այդ պահանջներին և մարտահրավերներին:

- Դժբախտաբար, ոչ: Թավշյա հեղափոսխությունից հետո Հայաստանի իշխանության ամենաթույլ, խոցելի տեղը թերևս արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն է: Ներքին կյանքում տեղի ունեցած բազմաթիվ սկզբունքային, արմատական վերափոխումների կողքին մենք ունենք նախկինից ժառանգված, իր մեջ իներցիայի մեծ չափաբաժին պարունակող արտաքին քաղաքականություն, որը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր առավելապես ուղղված է դեպի Ռուաստանը: Դա էապես սահմանափակում է այլ երկրների ու կենտրոնների հետ մեր հարաբերությունների շրջանակն ու օրակարգը: Խնդիրը բնականաբար այն չէ, որ պետք է այլ երկրների ու կենտրոնների հետ հարաբերություններ կառուցել ՌԴ-ի հետ հարաբերությունների հաշվին: Ամենևին ոչ: Պարզապես պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունների ռազմավարական մակարդակը պահպանելով՝ փորձել նույնպիսի հարաբերություններ հաստատել նաև այլ երկրների ու կենտրոնների հետ: Այդ հարցում մենք առաջընթաց չունենք: Եվրամիության հետ մեր հարաբերությունները զարգանում են հիմնականում նախկին ինեցիայով, մենք նոր իշխանության կողմից չենք տեսնում ԵՄ-ի հետ Համապափակ գործընկերության համաձայնագրի իրականացման հարցում նախանձախնդրություն ու շահագրգռվածություն: Պասսիվ են մեր հարաբերությունները նաև ԱՄՆ-ի հետ, դրանք ըստ էության ընթանում են առանց հստակ օրակարգի ու ծրագրերի, կրկին նախկինի իներցիայի ուժով: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է համապատասխանեցվի ներքին վերափոխումներին, մեր դիվանագիտությունը պետք է բխի ներքին քաղաքականությունից, որը ժողովրդավարական, ազատ երկրի քաղաքականություն է: Սակայն առայժմ մենք տեսնում ենք այն արտաքին քաղաքականության շարունակությունը, որը վարում էր Սերժ Սարգսյանի ավտորիտար Հայաստանը: Այդ անհամապատասխանությունը պետք է օր առաջ վերացվի, այլապես մենք կկորցնենք իմ նշած առավելություններն ու նպաստավոր պայմանները՝ ի շահ մեր երկրի օգտագործելու պատմական հնարավարությունը: