Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Ավինյան
A A
Քաղաքականություն

Նոր թարմություն կհաղորդեն ներքաղաքական կյանքին․ Ավինյանը՝ «Վերնատան» մասին (տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է՝ Վազգեն Մանուկյանի և նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչների հիմնադրած «Վերնատուն» ակումբը նոր թարմություն կհաղորդի ներքաղաքական կյանքին։

Ինչ վերաբերում է այնտեղ հնչած գնահատականներին, որ նոր իշխանությունը թե° ներքին, թե° արտաքին հարցերում սխալ ուղիով է գնում, Տիգրան Ավինյանը համոզված է՝  բոլոր հարցերում նոր մոտեցումներ կառաջարկվեն։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ փոխվարչապետն ասաց՝  և՛ իրենք, և՛ միջազգային գործընկերները արձանագրել են, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, և այդ ճգնաժամին պետք է տրվի լուծում։

Ավինյանը կարծում է՝ առաջարկները, որ արել է Կառավարությունը, շատ կառուցողական են, և պետք է շարունակաբար իրականացվեն, մինչև ճգնաժամը ստանա լուծում։

Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև իր խորհրդական Ավետիք Էլոյանի վերաբերյալ Կադաստրի կոմիետի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, թե վերջինս կոռուպցիոն սխեմաների մեջ է։ Նշեց՝ Ավետիք էլոյանը դիմել է դատարան՝ ենթադրաբար զրպարտության հետ կապված․

«Ես մի բան կուզենայի արձանագրել՝ հիմա մի ժամանակաշրջան է, երբ բոլորը անում են տարատեսակ հայտարարություններ, և պետք է հասկանալ՝ այդ հայտարարությունները ինչո՞ւ են արվում և ի՞նչ նպատակներ են հետապնդում, որովհետև հենց նույն պարոն Պետրոսյանի հայտարարությունից հետո ես ստանում եմ նամակ Կադաստրի կոմիտեի վարչության պետերից մեկից, որտեղ ինքը խոսում է 2 տասնյակից ավելի կոռուպցիոն սխեմաների մասին, որի մասին պարոն Պետրոսյանին զեկուցվել է և նա, ըստ այդ նամակագրության, չի տվել ընթացք»։

Տ․ Ավինյանն անդրադարձավ նաև «Տարոն-Ավիա» ավիաընկերության՝ հայկական շուկայից դուրս գալու հանգամանքին, ընդգծեց, որ Հայաստանը չի կարող նպաստավոր լինել այն ընկերությունների համար, որոնք չեն ուզում առաջնորդվել որոշակի միջազգային չափորոշիչներով։

Փոխվարչապետը, խոսելով մայրաքաղաքային տրանսպորտի խնդրից, հույս հայտնեց, որ 1-3 տարվա ընթացքում կկարողան համալիր կերպով լուծել այս հարցը․

«Մենք ունեցել ենք 2 քննարկում քաղաքապետի, միջազգային մեր դոնոր գործընկերների, ֆինանսների նախարարության մասնակցությամբ: Վերջնական լուծումները հասկանալի են մեզ համար, Կառավարությունը աջակցում է քաղաքապետարանին այս խնդրի լուծմանը հասնելու համար»։