Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մենք պետք է թացը չորից տարբերենք․Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամվորներն անդրադարձան նաև քրեական ենթամշակույթի վերաբերյալ օրենքի նախագծին։

Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ քրեական ենթամշակույթը պետք է արմատախիլ արվի, և այդ նախագիծը դրա իրականացման առաջին քայլն է։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ նախկինում իշխանության մեջ գտնվող տարբեր անձինք հաճախ հանդիպում էին քրեական հեղինակությունների հետ։ «Էդ վիդեոն մենք բոլորս հիշում ենք, որ կար քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ: Երբ որ պետությունը թույլ է ու նման վարքագիծ է դրսեւորում այս հարցում, պետք չի զարմանալ, որ նման երեւույթներ կարող են առաջ գալ»,- ասաց նա և անուններ հնչեցրեց, օրինակ Սերժ Սարգսյանինը։

Լրագրողը հիշեցրեց, որ 2018թ․ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն էր ներկայացրել դատարան։

Ի պատասխան դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ եթե ժամանակին Սասուն Միքայելյանը համարել է, որ անգամ քրեական հեղինակության լինող անձի ազատազրկման հիմքեր չկան, ապա այն պետք չէ դիտարկել այն տեսանկյունից, որ Սասուն Միքայելյանը խրախուսում է այդ երևույթը։

«Վաղը կարող է այլ անձ մեղադրվի խարդախության մեջ, ես շատ վստահ լինեմ, որ նա չի թաքնվի քննությունից, ներկայացնեմ անձնական երաշխավորություն, դուք դրանից չեք կարող եզրակացնել, որ ես կողմ եմ խարդախությանը կամ արդարացնում եմ այդ երևույթը։ Մենք պետք է թացը չորից տարբերենք»,-հավելեց Սուրեն Գրիգորյանը։