Բացել լրահոսը Փակել լրահոսը
76680291_554548145368934_2904313939900760064_n
A A
Քաղաքականություն

Որևէ անձից ազատվելու խնդիր չկա․ պատգամավորը՝ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նախագծի մասին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նախագիծը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի դիտարկմամբ՝ գործարք չէ իշխանությունների միջև։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, ասաց պատգամավորը։

«Իրավիճակը ոչ ստանդարտ է, որը ստեղծված է մեր երկրում Սահմանադրական դատարանի շուրջ, և դրանից բխող վտանգներով և լուծումները ստանդարտ լինել չեն կարող, երբ որ իրավիճակը ոչ ստանդարտ է։ Դա որպես կոռուպցիա գնահատել անհիմն է, եթե նման բան լիներ, դժվար թե միջազգային կառույցները արձագանքած չլինեին, ավելին դրական է արձագանքել Վենետիկի հանձնաժողովը»,- ընդգծեց Սուրեն Գրիգորյանը։

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Լրագրողի հարցին, թե ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանից և մյուսներից ազատվելու համար արժե՞ պետական բյուջեից այդքան գումար տրամադրելը, այն պարագայում, երբ նրանք չեն աշխատելու, պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նախ հստակեցրեց՝ որևէ անձից ազատվելու խնդիր չկա, ապա հավելեց, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը լուծելու նպատակով այդ ինստիտուտը պետք է կիրառվի անգամ պետական բյուջեից այդ հատկացումների հաշվին։