Բացել լրահոսը Փակել լրահոսը
75552992_554411508460674_4059096204728860672_n
A A
Քաղաքականություն

Օրինագծի հետևանքով, հնարավոր է, բանկային համակարգից գումարներ դուրս գան․ ԼՀԿ-ն մտահոգված է (տեսանյութ)

Ազգային ժողովը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ինչը լայն քննարկումների առիթ էր դարձել։

Նշենք, որ նախագծով թույլատրվում է քրեական հետապնդում իրականացնող մարմիններին ստանալ ոչ միայն գործին անմիջապես առնչվող անձի, այլև նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց բանկային տվյալները:

Նախագծի համաձայն՝ գաղտնիք պարունակող տեղեկությունները կարող են ստանալ միայն քննիչի պահանջով, այսինքն՝ առանց դատարանի որոշման։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել այս նախագծին։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

«Իհարկե, մենք դեմ չենք, որ քննչական մարմիններն ունենան անհրաժեշտ բոլոր լծակները բավարար և ամբողջական քննություն իրականացնելու համար, սակայն նախագիծը ներկայացված խմբագրությամբ տրված է այնպես, որ այնտեղ ոչ թե հասանելիություն է տրվում բանկային գաղտնիքին, այլ տրվում է բանկային գաղտնիքին հասանելիություն ստանալու նպատակով խուզարկության կամ առգրավում իրականացնելու համար, ինչը նշանակում է, որ 3-րդ անձի նկատմամբ կարող է իրականացվել խուզարկություն և առգրավում բանկային գաղտնքի ստանալու համար, բայց հասկանալի է, որ այդ խուզարկության և առգրավման արդյունքում քննչական մարմիններին կարող են հայտնի դառնալ ոչ միայն գաղտնիք կազմող տեղեկությունները, այլև ուիրշ տեղեկություններ՝ մարդու անձնական կյանքին վերաբերող, առևտրային գաղտնիքին և այլ գաղտնիքների, որոնք տվյալ քրեական գործի շրջանակից դուրս է»,- ասաց Արկադի Խաչատրյանը։

Պատգամավորը նաև մտահոգություն ունի, որ այս օրինագծով պայմանավորված՝ որոշակի գործարքների հետևանքով հնարավոր է բանկային համակարգից գումարներ դուրս գան և կանխիկ շրջանառություն մեջ մտնեն։

«Գիտեք, որ բանկային համակարգում գործում է փողերի լվացման դեմ պայքարի համակարգեր և սա զսպող նշանակություն ունի»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ մասնավորապես Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, Արկադի Խաչատրյանը հստակ չմեկնաբանեց խմբակցության դիրքորոշումը այդ հարցով։ Նա միայն նշեց, որ խմբակցությունում քննարկում են ունեցել և վատ աշխատող նախարարներին են առանձնացրել։

«Կան նախարարներ, որոնց աշխատանքից, մեղմ ասած, գոհ չենք, բայց նրանց անունները չենք հնչեցնում, բայց մոտ ապագայում այդ հարցով կդիմենք Կառավարությանը»,- հավելեց նա։