Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամն կոնգրես
A A
Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին

Ամերիկայի Ձայն

ԱՄՆ Կոնգրեսի անդամներ Ջեքի Սփիերը, Ֆրենք Փալոնը և Ադամ Շիֆը նոյեմբերի 18-ին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ուր կրկին մտահոգություն են հայտնել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության անհամաչափության կապակցությամբ

Շնորհակալություն հայտնելով պետքարտուղարին իրենց առաջին նամակին պատասխանելու և այս հարցի շուրջ անձնակազմի անդամների մակարդակով աշխատանքային հանդիպման համար՝ կոնգրեսականներն ընդգծում են, որ շարունակում են մտահոգված մնալ այս երկու երկրների միջև ռազմական օգնության չափերի հարցում: Նամակում կոնգրեսական Շիֆը, Սփիերն ու Փալոնը անհամաձայնություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարի այն պնդման վերաբերյալ, ըստ որի, 102 միլիոն դոլարի ռազմական օգնությունը Ադրբեջանին չի խաթարում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն ու չի օգտագործվի որևէ կերպ Հայաստանի դեմ ռազմական հարձակման ժամանակ:

Նամակում կոնգրեսականները փաստել են, որ Ադրբեջանի ռազմական ներուժը վերջին տարիներին անընդմեջ աճում է: Նրանք ընդգծել են, որ ամերիկյան ռազմական օգնությունը հնարավորություն կտա Ադրբեջանին է՛լ ավելի մեծացնել ռազմական ներուժը եւՀայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակում իրականացնելու հնարավորությունը:

«Կասկած չկա, որ Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում եւ անտեսում ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշում են կոնգրեսականները նամակում՝ շեշտելով, որ ռազմական օգնության համաչափ տրամադրումը միակ ճանապարհն է, որով ԱՄՆ-ը կարող է պահպանել տարածաշրջանային գերտերության հեղինակությունը, որը կարող է հաշտեցնել Ադրբեջանին եւ Հայաստանին:

Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ պետքարտուղարությանն ու պաշտպանության նախարարությանը Հայաստանի համար կազմակերպել համապատասխան դասընթացներ եւ տրամադրել սարքավորումներ՝ գործընկերային ներուժը մեծացնելու համար: Դա կօգնի անվտանգ դարձնել սահմաններն ու ռազմական հավասարություն ստեղծել, նշվում է նամակում: Կոնգրեսկանները նաև խնդրում են այս հարցի շուրջ հանդիպում կազմակերպել ԱՄՆ Կոնգրեսի անդամների ու համապատասխան նախարարությունների պատասխանատու պաշտոնյաների միջև:

Ամբողջական նամակը կարդացեք այստեղ: