Բացել լրահոսը Փակել լրահոսը
latvia mfa
A A
Հասարակություն

Դոնորները կփոխե՞ն մարտավարությունը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում նոյեմբերի 13-ից 14-ը կայացած «Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողով 2019. բիզնես և կայունություն» խորագրով միջոցառման շրջանակներում հանդիպել են ԶԼՄ-ների, դոնոր կառույցների, ԵՄ հաստատությունների, ինչպես նաև մեդիա ոլորտի զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների մոտ 100 ներկայացուցիչներ: Միջոցառումն Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում անկախ լրատվամիջոցների կենսունակության բարձրացմանն ուղղված ռազմավարությունները քննարկելու առիթ էր ու կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Լատվիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ:

 

Մասնակիցները ներկայացրեցին այն մարտահրավերները, որոնց առերեսվում են լրագրողներն՝ ԱլԳ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), ինչպես նաև ներկայացրին առանձին լրատվամիջոցների օրինակներ, որոնք հաջողությամբ անցում են կատարել շահավետ բիզնես մոդելների:

 

Տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների կարողությունների ամրապնդմանն ուղղված լուծումների թվում էին թվայնացումը, տվյալների վերլուծությունների և լսարանի ուսումնասիրությունների նկատմամբ ավելի լավ հասանելիությունը, դրամայնացման ռազմավարությունները, նոր հարթակների և ծառայությունների դիվերսիֆիկացումն ու լրատվամիջոցների կառավարման հմտությունների զարգացումը: Համաժողովի արդյունքում ձևակերպված եզրահանգումներն ու առաջարկությունները կոչված են նպաստելու Արևելյան գործընկերության երկրներում գործող լրատվամիջոցներին ուղղված ապագա աջակցությանը:

 

2019 թվականի համաժողովը 2017 թվականին Կիևում անցկացված ԱլԳ 2-րդ մեդիա-համաժողովի շարունակությունն էր, որի շրջանակներում տնտեսական կայունությունն առանձնացվել է որպես առանցքային մարտահրավեր, որին արհեստավարժ լրագրությունն առերեսվում է ամբողջ տարածաշրջանում: