Նևրոզների կլինիկան փակվում է․ շահառուները չգիտեն ինչ են անելու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔասախում գտնվող Նևրոզների կլինիկան 2020 թվականի հունվարից այլևս պետական ֆինանսավորում չի ստանա։ Ընթացիկ տարում այն եղել է մոտ 90 մլն դրամ:
Այնտեղ այս պահին անվճար բուժվում են 50, իսկ տարեկան 700-ից ավել հիվանդ։
Առողջապահության նախարարությունից կենտրոնի տնօրեն Ցոլակ Հակոբյանին այս մասին տեղեկացրել են հոկտեմբեր ամսին, պատճառը՝ օպտիմալացումն է։ 1985 թվականից գործող կենտրոնը իրականացնում է դեղորայքային, հոգեբանական, հոգեթերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ բուժում։ Այստեղ պարբերաբար բուժում ստացողները բողոքում էին այս որոշման դեմ։
«Այսպիսի հիվանդանոց գոյություն չունի և բժիշկների վերաբերմունքը մեր հանդեպ և բուժումը հիանալի է։ Այստեղ նշանակություն չունի ով ես, որ շրջանից ես, բոլորիս նայում են հավասար։ Մարդիկ եկել են այստեղ, ունեն բազմաթիվ պրոբլեմներ, երեխաներ, թոռներ։ Եթե փակեն, էս մարդիկ գումար չունեն, բոլորդ էլ գիտեք միջին աշխատավարձը ինչքան է, կամ ասենք թոշակը ինչքան է»,- նշում է հիվանդանոցում պարբերաբար բուժվող «Զորավար Անդրանիկ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ նախագահ, Արցախի պատերազմի մասնակից Վոլոդյա Մաթևոսյանը։
Կենտրոնում պարբերաբար բուժում ստացող մեկ այլ հիվանդ նշում է.
«1913 թվից գալիս բուժվում եմ, իմ երեխեքը մանր են, պահում եմ ։ Եթե հիվանդանոցը չլինի ինչ անեմ, մեռնե՞մ։ Բա կարելի՞ է նման պոլիկլինիկան փակել տալ երկու գրոշի համար կամ իրենց նեղություն չտալու համար»։
Հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Գոհար Սահակյանը նշում է առողջապահության նախարարը ակնարկել է, որ նևրոզով հիվանդը կարող է բուժումը շարունակել հոգեբանի հսկողության տակ կամ հոգեբուժարանի պայմաններում։ Սակայն բժշկուհին նշում է՝ նևրոզով հիվանդների համար հոգեբուժարանում բուժվելը կրկնակի սթրես և անհարմարություններ կարող է առաջացնել․
«Մասնագիտական տեսակետից ուղղում անեմ։ Մեր հիվանդը չի կարող բուժվել հոգեբուժարանում, նա չի կարող բուժվել փակ դռների պայմաններում։ Հակառակը՝ մենք մեր հիվանդին օգնում ենք, որ նրա սոցիալական վիճակը լավանա, ինտեգրումը հասարակության մեջ լավանա։ Հոգեբուժարանում գտնվում են այնպիսի հիվանդներ, որոնք վտանգ են ներկայացնում, իսկ մեր հիվանդին մենք ուղղորդում ենք, որ գնա հասարակություն, ինտեգրվի լիարժեք ապրի և կյանքի որակը բարձրանա։ Դրան է միտված մեր ամբողջ գործունեությունը։ Դրա համար խնդրում ենք մեր հարգարժան վարչապետին՝ ականջալուր լինել կոլեկտիվի խնդրանքին»․ընդգծեց նա։
Աշխատակազմը նշում է, որ առողջապահության նախորդ նախարարները հաճախ են այցելել, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, սակայն ներկայիս նախարարի օրոք նախարարությունից դեռևս այցելություն չի եղել։