Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հերթական աշխարհաքաղաքական անդրկուլիսյան գործարքն էր ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև․ արեւելագետ (տեսանյութ)

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի համար սպասելի էր Հայոց ցեղասպանության բանաձևի նկատմամբ սենատոր Լինդսի Գրահամի կողմից վետոյի կիրառումը։

Ըստ նրա՝ սա հերթական աշխարհաքաղաքական անդրկուլիսյան գործարքն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև, իսկ գործարքի համար հիմքերից են եղել Ռուսաստանի կողմից Ս-400 հրթիռային համալիրի վաճառքը, քրդերի հարցը սիրիական ճգնաժամի կոնտեքստում։

«Որոշ թուրքական ընկերություններ դուրս են բերվում պատժամիջոցների տակից, ստանում են գործունեության արտոնագիր», - վերոնշյալ գործարքից հետո արդեն իսկ տարածված խոսակցությունների մասին ասաց Սաֆրաստյանը։ Իրավիճակից, ըստ արևելագետի, տուժեցին թե՛ քրդերը, թե՛ այն ժողովուրդները, որոնք Ցեղասպանության զոհ էին դարձել (հայեր, հույներ, ասորիներ):

Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշեց, որ նոյեմբերի 17-ին հանդիպելու են Էրդողանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, և այս հանդիպման ժամանակ թուրքական կողմը հանդես կգա նոր դեմքով։ 

Ըստ ակադեմիկոսի՝ պետք է ջանքեր գործադրել այն կազմակերպությունների միջոցով, որոնք գործում են ԱՄՆ-ում, նաեւ՝ պետական հովանավորությամբ գործող, շարունակել աշխատել վետոն կիրառած Լինդսի Գրահամը հետ, որը կտա իր արդյունքները։ Անկախ Սենատի օրակարգ չմտնելուց՝ Սաֆրաստյանն ասաց, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևը կարևոր էր ճանաչման գործընթացում, և այս օրինակին կհետևեն այն երկրները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությունը։ 

Թուրք-ամերկյան գործարքի հետևանքների մասով Ռուբեն Սաֆրաստյանն ասաց. «ԱՄՆ-ը շարունակում է իր ձեռքում պահել նավթային հորերն ու շահագրգռված է, որ նավթահորերով տարածքները շարունակեն լինել քրդական վերահսկողության ներքո։ Թուրքերը նույնպես շահագրգռված են, որովհետև այդ տարածքները թուրքական սահմանից հեռու են. իրենց ավելի հետաքրքրում են սահմանամերձ շրջանները, որ այնտեղ քուրդ քիչ լինի։ Եվ նրանք շարունակում են իրենց էթնիկական զտման քաղաքականությունը քրդերի նկատմամբ, իսկ ԱՄՆ-ը լռելյայն հետևում է դրան։ Այս կերպ կշարունակեն իրենց այս քաղաքականությունը»։ 

Թուրք-ռուսական հարաբերությունների մասով Սաֆրաստյանն ասաց, որ հավանաբար թուրքերը Իդլիբի հարցում զիչման են գնացել, ինչը փաստվում է սիրիական բանակի օդային հարձակումով, որը հող է նախապատրաստում ցամաքային հարձակման համար։