Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արման Բաբաջանյանը դեմ կքվեարկի 2020թ․ պետական բյուջեի նախագծին․ ինչո՞ւ (տեսանյութ)

«2020թ․ պետական բյուջեի նախագիծը ո՛չ շատ հոռետեսական է, ո՛չ էլ լավատեսական, առավել ևս հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում են իշխանության շատ անդամներ,- Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Պատգամավորի դիտարկմամբ՝ 2020թ․ պետական բյուջեի նախագիծն իր մեջ կրում է իներցիայի շունչ։

Նա դժգոհ է՝ բյուջեի նախագծում չկան հավակնոտ ծրագրեր, արմատական համակարգային բարեփոխումներ, ընդհանուր առմամբ չկա ստեղծարարություն և նորարարություն։ «Մեզ ներկայացվել է մի փաստաթուղթ ոչ թե արմատական, համակարգային բարեփոխումների, այլ ընթացիկ օպերատիվ կառավարման մասին։ Սա բյուջե է ոչ թե տնտեսական համամասնությունների փոփոխության, այլ նախկին արատավոր համամասնությունների պահպանման մասին, այն դեպքում, երբ Հայաստանի հասարակությունը 2018թ․ թավշյա հեղափոխության իշխանության եկած ուժին արմատական համակարգային բարեփոխումներ իրականացնելու քարտ բլանշ է տվել»,- ընդգծեց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորն իր ելույթում առավել մանրամասն խոսեց անվտանգության և արտաքին հարաբերությունների ոլորտների մասին։ Արման Բաբաջանյանն ընդգծեց՝ լավ է, որ 2020թ․-ին Հայաստանը պատրաստվում է հիմնել նոր դիվանագիտական ներկայացուցչություններ Քաթարում, Իսրայելում, Եթովպիայում, Էրբիլում, բայց դեսպանատների քանակական ավելացումը արտաքին քաղաքականության ակտիվության ուղղակի ցուցիչ չէ։ «Հայաստանը արտաքին քաղաքական գերակայությունները ինչպես անցյալում, ցավոք սրտի շարունակում են մնալ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն, այսինքն հետադիմությունն ու ռեգրեսիան»,- ասաց նա։

Արման Բաբաջանյանն անդրադարձավ նաև այլ ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերին, ապա դժգոհություններ հնչեցրեց և հավելեց, որ 2020թ․ պետական բյուջեի նախագիծը հեղափոխական Կառավարության պահպանողական պետական բյուջե է։ Մինչդեռ, ըստ Արման Բաբաջանյանի՝ հեղափոխական կառավարությունն իրավունք չունի առաջնորդվելու պահպանողական ծրագրերով։

«Հայաստանի քաղաքացին պահանջում է, որ այս Կառավարության ամեն տարվա պետական բյուջեի նախագիծը լինի մեր կյանքի վերափոխման, մեր երկրի հեղափոխման ծրագիր։ Հետևաբար, 2020թ․ պետական բյուջեն պետք է լիներ թավշյա հեղափոխության արժեքների գեներացված արտահայտությունը։ Այս նախագիծը հեռու է հեղափոխական լինելուց։ Ահա այդ գաղափարական և հայեցակարգային պատճառով ես դեմ եմ քվեարկելու 2020թ․ պետական բյուջեի նախագծին»,- եզրափակեց նա։