Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ավտոտնակների փոխարեն նոր այգի` Ավանի Թումանյան թաղամասում (տեսանյութ)

Ավան վարչական շրջանի Թումանյան թաղամասում շահագործման է հանձնվել նոր հանգստի գոտի: Այգու բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Բազմաբնակարան 15 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող շուրջ 5000 քմ տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է: Լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Բակային հատվածում նախկինում ավտոտնակներ ու բնակիչների կողմից ինքնակամ զբաղեցված տարածքներ են եղել. բանակցությունների շնորհիվ դրանք վերադարձվել են համայնքին: Այսօր այն հանրային տարածք է և հանձնվում է հանգստի գոտու հարևանությամբ ապրող շուրջ 2000 բնակիչների տնօրինմանը

Քաղաքապետը ծանոթացել է կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Ավան վարչական շրջանի աշխատակազմին ու բոլոր այն բնակիչներին, ովքեր մասնակցել են այգու կառուցմանը:
«Այս մոտեցումը մենք պետք է ամբողջ Երևանով կիրառենք: Բոլոր այն տարածքները որոնք զբաղեցված են ավտոտնակներով և այլ կառույցներով՝ պետք է բանակցենք, վերադարձնենք, բարեկարգենք ու հանձնենք բոլոր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:
Այգին կառուցվել է վարչական շրջանի տնտեսումների հաշվին: Ծրագրի արժեքը շուրջ 15 մլն դրամ է: