Բացել լրահոսը Փակել լրահոսը
111400023056 (1)
A A
Քաղաքականություն

Բաքու եւ Երեւան. նախաձեռնությունը կդառնա՞ իրականություն

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն այսօր գրել էր, որ  նոյեմբերի 17-ին նախատեսված է մի խումբ հայաստանցի լրագրողների այցն Ադրբեջան։ Այցը, ըստ լրատվական գործակալության, փոխադարձ վստահության միջոցների շրջանակներում է լինելու:

«Լրագրողների այցերի փոխանակումը նախատեսված է եղել պետությունների ղեկավարների մակարդակում ընդունված պայմանավորվածություններով՝ փոխադարձ վստահության ձևավորմանն ուղղված մարդասիրական միջոցառումների շրջանակներում» ,- գրել էր լրատվական գործակալությունը:

«Թուրան»-ը հավելել էր նաև, որ այդ շրջանակներում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման շուրջ։ «Ակնկալվում է, որ դրանից հետո տեղի կունենա ադրբեջանցի լրագրողների այցը Հայաստան», - եզրափակել էր լրատվական գործակալությունը։

«Ա1+»-ը մանրամասների համար կապ հաստատեց Արտաքին գործերի նախարարություն հետ։ Մեզ հետ զրույցում նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը։

«Ա1+»-ը կապ հաստատեց նաև Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Հարցին, թե կա՞ որոշում զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման շուրջ, Արծրուն Հովհաննիսյանը ասաց` տեղեկություն չունի եւ առաջարկեց կապ հաստատել  Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հետ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին էլ հայտնեց. «Մենք հետևում ենք հրապարակումներին, սակայն այս պահին որևէ բան չենք կարող ասել։ Այլ տեղեկություն չունենք»,- ասաց նա։