Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ուղիղ. Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով բաց լսումներ՝ Ներկայացուցիչների պալատում (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներակայացուցիչների պալատում մի քանի շաբաթ շարունակվող իմփիչմենթի գործընթացը չորեքշաբթի օրը հանրությանն է ներկայացվում հրապարակայնորեն։ Ինչպես պալատի հետաքննությունների հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն է ասում, դեմոկրատները հույս ունեն, որ այսպիսով Ամերիկայի ժողովուրդն ավելի լավ կըմբռնի նախագահ Դոնալդ Թրամփին անվստահության քվե հայտնելու իրենց նպատակը։


Առաջինը վկայություններով հանդես է գալիս դեսպան Ուիլյամ Թեյլորը։ Ուկրաինայում ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան դիվանագետը օրենսդիրներին ասել է, թե հստակ է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հատկացվելիք ռազմական օժանդակությունը ԱՄՆ-ի ղեկավարի կողմից շահարկվել է, որպեսզի ստանա այնպիսի տեղեկություններ քաղաքական իր մրցակից Ջո Բայդընի ու նրա որդու մասին, որոնք կվնասեին Բայդընի ընտրարշավին։

Վկայություններով հանդես են գալիս նաեւ Պետդեպարտամենտի պաշտոնյա Ջորջ Քենթը եւ Ուկրաինայում նախկին դեսպան Մարիե Յովանովիչը, որոնք Ներկայացուցիչների պալատում նախկին լսումների ժամանակ ասել էին, թե նախագահի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին շեղում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ավանդույթները։ Այս հայտարարությանն ի պատասխան կոնգրեսական Ջեքի Սպիըրն ասել է, որ դա կաշառարության բացահայտ դեպք է։

Ուղիղ հեռարձակման ժամանակ երեք կարեւոր վկաները դժվար թե ասեն ավելին, քան ասել են փակ դռների հետեում։ Պարզապես հիմա նրանց համար կարեւոր է, որ նույնն ասեն մարդկանց վրա ավելի մեծ տպավորություն թողնելու ունակ ճարտասանությամբ։
Հանրապետական կոնգրեսականներն այս լսումներն ու մեղադրանքները համարում են շինծու։ Նախագահ Թրամփն էլ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասել է, թե ինքը չի դիտել լսումները։ ՝՝Ես չափազանց զբաղված եմ այն դիտելու համար՛՛, ասել է նա, ու այս գործընթացը նորից անվանել ՝՝վհուկաորս՛՛։ ՝՝Այնտեղ ոչինչ չկա՛՛, ասել է Թրամփը։

Ասենք, որ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատներն ընտրել են նախագահին իմփիչմենթի ենթարկելու այն գործընթացը, որը կիրառվել էր նախագահներ Ռիչարդ Նիքսոնին ու Բիլ Քլինթոնին պաշտոնից ազատելու նպատակով։

Ինչպես վերլուծաբան Էլեյն Քամրաքն է ասում, ՝՝Այս պահին օրենսդիրները դեռեւս հավաքում են վկայություններ, որից հետո կներկայացնեն մեղադրանքներ։ Եվ ակնհայտ է, որ հանրապետականները կունենան դրանք մերժելու հնարավորություն՛՛։

Իմփիչմենթի մեղադրանքներն ամենայն հավանականությամբ կանցնեն դեմոկրատ մեծամասնություն ունեցող Ներկայացուցիչների պալատում, սակայն հանրապետական մեծամասնությամբ Սենատը հավանաբար կպահի Թրամփին նախագահի պաշտոնում մինչեւ 2Օ2Օ թվականի ընտրությունները։