Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_1406
A A
Քաղաքականություն

«Լրատվամիջոցները, որոնք չեն սիրաշահում իշխանություններին, թիրախավորվել են»

Հանրային խորհրդի գրասենյակում ընթանում է քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովի նիստ:

Օրակարգում  LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումի քննարկումն է: 

Դիմումը վերաբերում է ՀԽ անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, վերջիններիս մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրատվամիջոցներն անվանարկելու և երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին:

Հանձնաժողովի նախագահ Լարիսա Ալավերդյանը սկզբում նշեց, որ անձը (Ստյոպա Սաֆարյանը - հեղ.),ում վերաբերում է քննարկումը, մի քանի տարի աշխատել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում։

Ստյոպա Սաֆարյանը ներկա չէ նիստին։ Դիմումը ներկայացրած լրագրող Թագուհի Ասլանյանն իր ելույթում նշեց, որ ՄԱՀՀԻ գրասենյակ մուտք գործելու արգելքով Սաֆարյանը ատելություն է քարոզել։ Ասլանյանն ասաց, որ այդ միջադեպի հետևանքն այն է եղել, որ որոշ ժամանակ անց փողոցում իրեն մի կին է ճանաչել, մոտեցել է և սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել։

Լրագրողն ասաց, որ Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում իրենց լրատվամիջոցին պոռնկախումբ է անվանել, և Սաֆարյանի քայլերը գնահատեց որպես իր նկատմամբ հոգեբանական բռնություն և ազատ խոսքի սահմանափակում։

«Լրատվամիջոցները, որոնք չեն սիրաշահում իշխանություններին, թիրախավորվել են», - ընդգծեց լրագրողը։ 

ՀԽ անդամ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ միջադեպն ունի բարոյական, իրավական և քաղաքական կողմեր։ Նա հավելեց, որ քաղաքական կողքին անդրադարձ չի կատարվի քաղաքական կողմին, քանի որ ՀԽ-ն ապաքաղաքական մարմին է։ Հովհաննիսյանը դիմեց ՀԽ պետա-իրավական հանձնաժողովի անդամ, փաստաբան Մարատ Ատոմյանին՝ անդրադառնալ խնդրի իրավական կողմին և հետաքրքրվեց, թե արդյոք հրավիրող կողմն իրավունք ունի՞ չհրավիրել լրատվամիջոցին և հրաժարվել տեղեկատվություն տալուց։ 

Ատոմյանն ասաց, որ խոսքի իրավունքը չպետք է պարունակի ատելություն, զրպարտանք, վիրավորանք։ Փաստաբանը նաև նշեց, որ բնականաբար ոչ ոք պարտավոր չէ ինֆորմացիա տալ, սակայն նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ինչպես է մատուցվում այդ չհրավիրելը։ 

Լարիսա Ալավերդյանը հետաքրքրվեց, թե արդյոք Սաֆարյանն իրավունք ունե՞ր ՄԱՀՀԻ-ի տարածքը համարել որպես անձնական տարածք։ 

ՀԽ անդամ Լիլիթ Ասոյանը կոչ արեց քաղաքացիներին զերծ մնալ այդպիսի գործելաոճից, ինչին միացան հանձնաժողովի ևս մի քանի անդամ։ 

Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնության համակարգող Մանե Մադոյանն հիշեցրեց, որ նույն օրը Սաֆարյանի քայլը դատապարտվել է։ Ըստ նրա՝ այսպիսի խնդիրների լուծումը ներքին կարգավորման հարց է։

Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ Սաֆարյանի արտահայտված որոշ բառերը եղել են էթիկանան նորմերի խախտումներ։ Ինչ վերաբերում է ընդունելի լրատվամիջոցին՝ ՀԽ անդամն ասաց, որ դա Սաֆարյանի իրավունքն է՝ հրավիրելու առումով։