Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պաշտոնյաների ուղիղ եթերների նկատմամբ վստահությունը մեծ է․ Դանիել Իոաննիսյան

«Հեղափոխությունից հետո հայաստանյան մեդիադաշտում արմատական փոփոխություններ են եղել, ոչ պակաս արմատական փոփոխություններ են տեղի ունեցել նաև մեդիայի սպառման հարցում», ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը «Հետազոտությունների առաջատար խմբի» հետ իրականացրել է Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկատվության մակարդակի ուսումնասիրություն։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր ՀՀ 1200  քաղաքացի Երևանից և մարզերից։

«Հեղափոխության օրերին մարդիկ սկսել են մեդիան այլ կերպ սպառել։ Մենք փորձել ենք հասկանալ, թե ինչպես են մարդիկ սպառում մեդիան, և մեզ համար կարևոր էր հասկանալ, թե որ հանգամանքներն են ազդում մարդկանց կարծիքի վրա ավելի շատ։ Կարևոր էր հասկանալ, թե մեդիասպառողների որ հատվածն է առավել ապատեղեկացված կամ առավել բարձր մեդիագրագիտություն ունի»,- նշում է Դանիել Իոաննիսյանը։

 Ըստ հարցման արդյունքների՝  հանրության համար տեղեկատվություն ստանալու ամենանախընտրելի միջոցը համացանցն է, երկրորդ տեղում հեռուստատեսությունն է։ Վստահության առումով, սակայն, ցուցանիշներն այլ են։
Սոցցանցերից ստացված տեղեկատվությանը հանրությունը հակված է չվստահելու։ Սրան հակառակ նույն սոցիալական մեդիայում հրապարակված պաշտոնյաների ուղիղ եթերներին քաղաքացիներն առավել մեծ վստահություն ունեն։

Այսպիսով՝ ամենամեծ վստահությունը վայելում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները (63.7%): 17․5 %-ը չի վստահում ոչ մեկին։ 4․3%-ի վստահության են արժանացել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, այնուհետև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի (3․1%),  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության» ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները։
Հարցվածներից ավելի շատ մեդիագրագետ են Երևանի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերի բնակիչները։

Ըստ հարցման արդյունքների՝ մեդիագրագիտության ամենաբարձր աստիճանն ունի Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության ընտրազանգվածը։ Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցության, երրորդում՝ «Իմ քայլը» խմբակցության ընտրազանգվածներն են։ Նրանց հաջորդում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ընտրազանգվածները։ Դանիել Իոաննիսյանը նշում է՝ բնականաբար նշված տվյալի դեպքում հավաստիության տոկոսը նվազում է, քանի որ նշված կուսակցություններին համակրողների թիվը տարբեր է, ուստի մեդիագրագիոտության առումով համեմատելիությունը ևս տարբեր է։

«Խնդիրը ոչ թե որևէ կուսակցություն գովելը կամ հակագովազդ անելն էր, այլ ցույց տալը։ Սա համաթիվ է, տոկոս չէ, դրանց մեջ տարբերություն կա։ Տոկոսը տարածելի է ամբողջ հանրապետության վրա, սա ընդհանուր պատկերն ու ցուցանիշներն են»,- ասում է «Հետազոտությունների առաջատար խմբի» ղեկավար Ռուբեն Սարգսյանը։