Բացել լրահոսը Փակել լրահոսը
1508765175-63
A A
Քաղաքականություն

Տարեկան պետք է տնկել 30 միլիոն ծառ․ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ (տեսանյութ)

Հայաստանը պարտավորություն է ստանձնել մինչև 2050 թվականը անտառածածկ տարածքները կրկնապատկել, ինչը ենթադրում է 265 հազար հեկտար լրացուցիչ անտառի տնկում․ նշում է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը` անդրադառնալով 10 մլն ծառ տնկելու ծրագրին։

Նրա խոսքով՝ տարեկան պետք է տնկել 30 միլիոն ծառ, բայց առայժմ 10 միլիոնը կդառնա նախավարժանք այդ աշխատանքի համար։

«30 մլն թվից մարդիկ վախենում են։ Բայց շատ պարզ հաշվարկներով 30 միլիոն տնկելու համար մեզ պետք է ընդամենը 5000 աշխատող , որոնք տարեկան կաշխատեն 40-50 օր, սա աներևակայելի և վախենալու թվեր չեն։ Այժմ չունենք բավարար ծավալով տնկանյութ, պետք է նոր, ժամանակակից տնկարաններ հիմնվեն, որոնք կարտադրեն փակ արմատային համակարգով տնկիներ, որը կհեշտացնի տնկման գործընթացը»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ մոտ 6000 հեկտար տարածք անտառային հողերում արդեն առանձնացված են։ Այժմ  ուսումնասիրվում են այդ տարածքները, որովհետև 10 մլն ծառ տնկելու համար մեզ անհրաժեշտ կլինի 3300 հեկտար։

Անդրադառնալով անտառային խնդիրներին՝ Վարդան Մելիքյանը նշեց, որ երկու տասնամյակ ոլորտն անտեսված է եղել։ 15 տարի հայ անտառի աշխատավարձերի համար բյուջեից փոխանցվել է անհրաժեշտ գումարի 80 տոկոսը, մնացածը անտառը իր սեփական միջոցներով է լուծել, ինչն էլ հիմնականում ձևավորվել է ծառահատումներից։

 «Փաստորեն մենք խթան ենք ստեղծել, որ մեր աշխատակիցները, որոնք առաջնահերթ պետք է պահպանեն անտառը, շահագրգռված են եղել ծառահատումներ իրականացնել, որովհետև իրենց աշխատավարձերը կապված էր այդ հատումներից»։

Նրա խոսքով՝ աշխատավարձերը 2011 թվականից չէին բարձրացվել․

«Հոկտեմբերի 1-ից 20 000 ական դրամով բարձրացվեցին անտառապետների և անտառապահների աշխատավարձերը։ Նախկինում անտառապահների աշխատավարձը սկսվում էր 60 հազար դրամից, ինչը փոքր թիվ է, եթե պատասխանատվություն ենք դրել 1000 հեկտար պահպանելու համար»։

Նա նաև նշեց, որ հունվարից անտառի ազգային ծրագրի մշակում կսկսվի, որի ընթացքում  կճշտվեն առկա խնդիրները և կիրականացվեն վերապատրաստման աշխատանքներ՝ անտառապահպանման որակը բարձրացնելու համար։