Բացել լրահոսը Փակել լրահոսը
Media Conference 2019
A A
Հասարակություն

Տնտեսական կայունությունը ճանաչվել է առանցքային մարտահրավեր ԶԼՄ-ների համար

 «Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողով 2019. բիզնես և կայունություն» միջոցառումը  կկայանա  նոյեմբերի 13-ից 14-ը Ռիգայում ։

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Լատվիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ: Այն կհամախմբի ԶԼՄ-ների, դրանց զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների ու դոնորների ավելի քան 100 ներկայացուցիչների՝ գործընկեր երկրներից և Եվրոպական միությունից:

Սա 2017 թվականին անցկացված Արևելյան գործընկերության երկրների 2-րդ մեդիա-համաժողովի շարունակությունն է, որի շրջանակներում տնտեսական կայունությունը ճանաչվել է առանցքային մարտահրավեր, որին առերեսվում է արհեստավարժ լրագրությունն ամբողջ տարածաշրջանում:

Համաժողովը կբացեն Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) Վրաստանի, Մոլդովայի և հարևանության միջսահմանային համագործակցության զարգացման հարցերով տնօրեն Մաթյո Բուսկեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Ռադոսլավ Դարսկին ու Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրիս Պելշսը:

Առաջին աշխատանքային նիստի շրջանակում կներկայացվեն ԶԼՄ-ների կարիքների համապարփակ գնահատման արդյունքները, որը պատվիրվել էր Հանձնաժողովի կողմից և անցկացվել ԱլԳ երկրներում:

Այնուհետև ԱլԳ յուրաքանչյուր երկրից ԶԼՄ-ների ներկայացուցիչները կներկայացնեն դեպքերի ուսումնասիրություններ` ընդգծելով, թե ինչպես են իրենց կազմակերպությունները մշակել հաջողակ բիզնես մոդելներ ու բարելավել սեփական ֆինանսական կայունությունը:

Վերջին նիստը հարթակ կտրամադրի դոնորներին, որոնք կքննարկեն ԱլԳ երկրներում իրենց գործողությունները, ինչպես նաև տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների տարբեր կարիքների բավարարմանն ուղղված ռազմավարությունները:

Համաժողովը կեզրափակվի ամփոփիչ նիստով, որում ի մի կբերվեն միջոցառման արդյունքներն ու ներկայացված առաջարկները:

Դրանք կնպաստեն Արևելյան գործընկեր երկրներում ԶԼՄ-ներին ուղղված ապագա օժանդակության շրջանակի ձևավորմանը: