Քաղաքացիները սկուտեղի վրա ձեզ իշխանություն մատուցեցին. Ուրիխանյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ Գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում քննարկումների տեղիք է տվել:
Տիգրան Ուրիխանյանի ներկայացմամբ՝ արդեն 4 կառավարության է դիմել թոշակառուների վերաբերյալ հարցով, բայց սայլը տեղից չի շարժվում: Պատգամավորը ակնկալում էր, որ այս իշխանությունը պետք է հավանություն տար իր նախագծին, բայց ինչպես պարզվեց՝ սխալվել է:
«Կառավարության ներկայացուցիչը բերեց այն հիմնավորումը, որ հաշվարկելը դժվար է լինելու, որովհետև կան ուսուցիչներ, որոնք աշխատում են կես կամ 0,25 դրույքով, և կան մարդիկ, որոնք աշխատում են ժամով, և հաշվարկելը դժվար է լինելու: Ես այս հիմնավորումը, մեղմ ասած, չեմ ընդունում, որովհետև այսօրվա իրականության մեջ չկա մի բան, որը փաստաթղթավորված չէ, այն էլ էլեկտրոնային աշխարհում: Որևէ բան հաշվարկելը առնվազն 1, 5 տարի պետք է հեշտ լիներ: Եթե ՀՀ քաղաքացին իր միաբան ոգով 1, 5 տարի առաջ, փողոց դուրս գալով, բացառապես իր կյանքում որակ փոխելու և անարդյունավետ կառավարումը տապալելու նպատակով չստանա այն, ինչի համար մատուցեց ձեզ սկուտեղի վրա իշխանություն, ապա դրանով դուք կկոտրեք 800 000 աղքատների հոգու ճրագը, որը վառվեց 1, 5 տարի առաջ»,- ելույթի ժամանակ նշեց Տիգրան Ուրիխանյանը և հորդորեց նախագծի օգտին քվեարկել և այն քննարկել:
ԲՀԿ-ական պատգամավորի ելույթը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին դուր չեկավ: Նա արձագանքեց. «Պարոն Ուրիխանյան, այդ Ձեր մասնավոր դիտարկո՞ւմն է, որ մեզ սկուտեղի վրա իշխանություն է տրվել»:
Մանրամասները՝ տեսանյութում: