Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Լավրով. Ռուս մասնագետների մուտքը ՀՀ կենսաբանական լաբորատորիաներ թույլատրող հուշագիրը շուտով կստորագրվի (տեսանյութ)

«Մենք ոչ մի հիմք չենք տեսնում ենթադրելու, թե Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ մեկը պատերազմ կսկսի։ Ամեն դեպքում մեր ողջ քաղաքականությունն ուղղված է նրան, որ  այստեղ հաստատվի խաղաղություն, համակեցություն և փոխշահավետ գործակցություն»,- ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայաստանյան իր գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ այսօր Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Այսպես նա պատասխանեց հարցին, թե Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ Հայաստանի անվտանգության համար, ակտիվորեն աջակցել Ադրբեջանին՝ հաշվի առնելով սա, ինչպիսի՞ն է նախատեսվում ռուս-թուրքական մերձեցման դերը։

Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանեց՝ իրենք զարգացնում են հարաբերությունները բոլոր երկրների հետ հավասարաչափ։

«Գիտեք, մենք չենք խոսում ինչ-որ մերձեցման կամ հարաբերությունների ջերմացման մասին, երբ մենք ունենք պատմության և աշխարհագրության կողմից մեզ տրված հարևաններ։ ՄԵնք զարգացնում ենք հարաբերությունները բոլորի և նրանցից յուրաքանչյուրի հետ։ Դա ճիշտ է նաև ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ  մեր բոլոր գործընկերների առումով, դա ճիշտ է նաև այնպիսի երկրների հանդեպ, ինչպես Թուրքիան, Իրանը, Արևելյան Եվրոպայի երկրները։ Մենք ցանկանում ենք բոլորի հետ ունենալ լավ հարաբերություններ, և մենք պարբերաբար նպաստում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև եղած խնդիրների լուծմանը»,- նշեց Սերգեյ Լավրովը։ Նա նաև ընդգծեց՝ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները, որպեսզի առաջխաղացնի  Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Սերգեյ Լավրովը նաև անդրադարձավ հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը Հայաստանի՝ Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջին։ Նա հիշեցրեց, որ հրադադարի կնքման պահին Ղարաբաղը հանդիսանում էր բանակցային կողմ և մասնակցում էր բանակցություններին։ «Բայց ինչ-որ պահի Հայաստանի իշխանությունները որոշում կայացրին, որ Ղարաբաղի շահերը կներկայացնի Հայաստանը»։

«Բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի բնակչության  համաձայնության ոչ մի պայմանավորվածություն ձևակերպել հնարավոր չի լինի։ Հայաստանն ուղղակի ոչինչ չի ստորագրի։ Հենց սա ենք մենք որպես ելակետ ընդունում, բայց  խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ ես ուզում եմ ընդգծել, այն ինչ այսօր մեր հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց իր հանրային հայտարարության մասին, որը փաստում էր, որ վերջնական պայմանավորվածությունները պետք է հաշվի առնեն և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի շահերը։ Սրա հետ դժվար է վիճել»,- ասաց ՌԴ արտգործնախարարը։

 

Ռուս մասնագետների մուտքը Հայաստանում կենսաբանական լաբորատորիաներ թույլատրելու հուշագիրը մոտ ժամանակներս կստորագրվի:

«Ընդհանուր առմամաբ, ավարտված են հուշագրի տեքստի շուրջ բանակցությունները, հիմա փաստաթուղթը գտնվում է երկրների միչգերատեսչական համաձայնեցման փուլում: Հույս ունենք, որ այն կստորագրվի»,-ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը կարևորեց կենսաբանական անվտանգության շուրջ կապերը դաշնակիցների հետ՝ նշելով, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի կենսաբանական անվտանգության ոլորտում փոխգործակցության համար:

«Կա կոնվենցիա կենսաբանական և թունավոր նյութեր պարունակող զենքի արգելման ու դրա ոչնչացման մասին, սակայն դրանում, ԱՄՆ-ի կտրուկ առարկությունների արդյունքում, չկա վերիֆիկացիայի մեխանիզմ։ Մենք երկար տարիներ փորձում ենք այդպիսի մեխանիզմ ստեղծել, բայց ԱՄՆ-ի գործընկերները նախընտրում են խուսափել նման պայմանավորվածությունից ու տանում են նրան, որ ամբողջ աշխարհում երկկողմ մակարդակով ստեղծեն իրենց լաբորատորիաները։ Բնականաբար, մենք հետաքրքրված ենք, որ այս ոլորտում Հայաստանի հետ ունենանք լիակատար թափանցիկություն: Հենց այդ մասին էլ այսօր խոսել ենք: Այս ասին ասվում է նաև հուշագրում, որն հուսով եմ, շուտով ուժի մեջ կմտնի»,- ասաց Լավրովը։