Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ վիճակում է Արծվանիկի պոչամբարը (տեսանյութ)

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է Արծվանիկի պոչամբարի շահագործումը ժամանակից շուտ ավարտել։ Ըստ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի՝ միջազգային պրակտիկայում գործող չափանիշներն այսօր չեն կարող ապահովված լինել այդտեղ։ 

«Պրոյեկտի համաձայն՝ նախատեսվում է 40 մետր ավելացնել պոչամբարի բարձրությունը՝ հասցնելով  վերջնական 960 նիշի, որը կարելի է կատարել 10 տարում, մենք  փոխհամաձայնության ենք եկել հարևան Կապան համայնքի հետ, որ շահագործումը կավարտենք 5 տարում»,- ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված պրես-տուրի ժամանակ ասաց Մհեր Պոլոսկովը։ 

Յուրաքանչյուր տարի Արծվանիկի պոչամբարում ռեկուլտիվացիա է կատարվում, որի ընթացքում հողի բերրի շերտը հանվում է և պատշաճ կերպով պահեստավորվում է։  Ըստ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Սամվել Ալեքսանյանի՝ խախտված հողային տարածքները բերվում են այն վիճակին, որը եղել է բնության մեջ։  

«Արվում  է հատուկ մշակում և  կանաչապատվում է»,- ասաց պարոն Ալեքսանյանը։ 

«Վերջին 3 տարվա մեջ մենք ռեկուլտիվացրել ենք մոտ 35 հա տարածք։ Այս տարի հանել ենք 1 մլն 200  հազար խորանարդ բերրի հողի շերտ և պահեսատավորել ենք հետագա ռեկուլտիվացիայի համար։ Բացի այդ մենք  Կառավարությանը վճարում ենք կատարում, որպեզի պետությունը ռեկուլտիվացնի կանաչապատ տարածքները, այն պարագայում, եթե մենք չկատարենք այն կամ չկարողանանք անել»,- ասաց պարոն Ալեքսանյանը։ 

Անդրադառնալով բնապահպանների ահազանգերին, որ վերջերս Ողջի գետը աղտոտվել էր մասնավորապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով, Սամվել Ալեքսանյանը նշեց, որ վթարը տեղի է ունեցել ոչ թե պոչամբարի տարածքում, այլ պոչատարի։ 

Արծվանիկի պոչամբարի այն հատվածը, որտեղ զտված ջուրն է, փիրուզագույն երանգով է և պարզ։ Ըստ Սամվել Ալեքսանյանի՝ ջուրը խմելու և օգտագործման ենթակա չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։