Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ե՞րբ պատրաստ կլինի Կապանի օդանավակայանը, ո՞վ է ֆինանսավորողը և որքա՞ն կարժենա տոմսը (տեսանյութ)

Կապանի օդանավակայանի շենքի նորոգումը գրեթե ավարտին է մոտենում։ Այն կշահագործվի  2020թ․գարնանը։ Օդանավակայանի ծախսերը հոգացել է  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

«Օդանավակայանը բարդություններ ունի, որովհետև այն միայն շինարարական կառույց չէ, այլ հատուկ օբյեկտ է, որը անցնում է հատուկ սերտիֆիկացում և փորձաքննություն։ Օդանավակայանի նախագծի մտահաղացման և  իրականացման բոլոր փուլերում ֆինանսավորումը ամբողջությամբ կատարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընդհանուր նախահաշվային արժեքը 2,3 մլրդ դրամ է, որից մոտ 2 մլրդը արդեն իրացված է»,- ասաց ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը և հավելեց, որ օդանավակայանը տնտեսապես շահավետ չի կարող լինել, այն վնասով է աշխատելու։

«Վնասն իր վրա է վերցնելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նաև սոցիալական ծրագրերի շրջանակում առանձին սոցիալական խմբերի սուբսիդավորելու է ինքնաթիռի տոմսի արժեքը»,- ասաց Նարեկ Ամբարյանը։

Կապան-Երևան և հակառակ ուղղության տոմսի արժեքը հավանաբար կլինի 40 000 դրամ։

 «Ա1+»-ը Նարեկ Ամբարյանից հետաքրքրվեց, եթե օդանավակայանը եկամուտ չի ունենալու, այդ դեպքում ինչո՞ւ է շահագործվում, ինչին ի պատասխան պարոն Ամբարյանն ընդգծեց․

«Սա մեզ համար սոցիալական պրոյեկտ է, այն ուղղված է մարզում կյանքի ակտիվացմանն ու տուրիզմի զարգացմանը։ Սահմանային այս գոտում ունենալ օդանավակայան ստրագետիական այլ հարցեր ևս կլուծի։ Այն բիզնես ձեռնարկություն չէ, շահույթ չի հետապնդում»։

Օդանավակայանի թռիչքուղին մոտ 2 կմ է։ Նարեկ Ամբարյանի խոսքով՝ ինքնաթիռը, որը շահագործվելու է այս օդանավակայանից ունի 19 նստատեղ, եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն և  նաև պահանջարկ լինի, ապա օրական 4 անգամ կարող է Կապանից  Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ կատարել։

Ի դեպ, ըստ պարոն Ամբարյանի՝  ինքնաթիռի արժեքը 5, 5 մլն դոլար է։

Օդանավակայանի կառուցվածքը դեռ քննարկումների փուլում է։ «Սյունիք» օդանավակայան ՍՊԸ-ի ղեկավար Կարեն Վարդանյանն էլ հավելեց, որ  նախնական հաշվարկով օդանավակայանը 20-ից ավել աշխատակից է ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։