Բացել լրահոսը Փակել լրահոսը
arcvik
A A
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը ենթակա է պատասխանատվության առնվազն երկու հոդվածով․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձեց երիտասարդների ազնիվ ընդվզմանը որակավորումներ տալ այն դեպքում, երբ ոլորտում իրականացվող փոփոխությունների հիմնական շահառուն երիտասարդությունն է․

«Այս ամենը նշանակում է մարդը չի տիրապետում իրավիճակին»,-ընդգծես Արծվիկ Մինասյանը հավելելով, որ պատահական չէ, որ նաև այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները, նույնպես իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այն քաղաքականության վերաբերյալ, որն իրականացվում է ԿԳ նախարարության և Արայիկ Հարությունյանի կողմից․

«Սա վկայում է այն մասին, որ այս մարդը կանխամտածված օտարածին օրակարգի սպասարկում է իրականացնում։ Խելացի իշխանությունը այսպիսի ընդվզումները ընդունում է որպես կարևոր ազդակ, այսինքն՝ կարող ենք նաև արձանագրել, որ այս իշխանությունը խելացի էլ չէ»։

Մինասյանն  անդրադարձավ նաև Արայիկ Հարությունյանի պնդումներին, թե քրեական գործեր են հարուցվելու դաշնակցականների վերաբերյալ․

«Ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը ենթակա է պատասխանատվության առնվազն երկու հոդվածով՝ կամ սուտ մատնության, կամ հանցագործությունը պարտակելու։ Հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած մտքերոը ունեն մեկ նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ։  Այս ամենը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք անպատասխանատու մի անձի հետ, ով Հայաստանի իշխանության վարկաբեկման գործընթաց է ձեռնարկել»։

Արծվիկ Մինասյանը վստահություն հայտնեց,  որ երիտասարդների ընդվզումը, ցասումը աջակցություն է ստանալու Հայաստանի բոլոր բնակավայրերում և հասարակական բոլոր շերտերում։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանն էլ նշեց, որ Արայիկ Հարությունյանն իր հայտարարությամբ ևս մեկ անգամ ջրբաժաններ մտցրեց այս անգամ երիտասարդության մեջ․

«Եթե ազգային արժեքների ոտնահարման դեմ պայքարող երիտասարդները անվանվում են անդաստիարակ, ապա պարոն Հարությունյանը խնդիրը պետք է իր մեջ փնտրի»։

ՀՅԴ ԳՄ անդամ Տարոն Տոնոյանն էլ նշեց, որ չափազանց անհանգստացնող է կրթության, գիտության, մշակույթի սպորտի բնագավառում վարվող քաղաքականությունը, որը, ըստ նրա, մեր հասարակությունը տանում է ապազգայնացման․

«Մենք այս ամենը դիտարկում ենք ազգային անվտանգության տեսանկյունից։ Սա արժեհամակարգ թելադրելու ծրագրավորված քաղաքականություն է, որը վարվում է այսօր ԿԳՄՍ նախարարի և կառավարության կողմից»։