Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Առաջադրել ենք թեկնածություն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրով տեղեկացնում եմ, որ քիչ առաջ պաշտոնապես առաջադրել ենք Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: ԿԿՀ անդամներն ընտրվում են ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկության միջոցով:

Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան և փորձագետ, ով 2013 թվականից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Նախագահի պաշտոնը:
Նա ունի տեղական, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ ավելի քան 14 տարվա մասնագիտական աշխատանքային գործունեություն, ինչը ներառում է իրավունքի գերակայության, արդարադատության ​​և մարդու իրավունքների ոլորտներում քաղաքականության փաստաթղթերի մշակման, համապարփակ գնահատումների և վերլուծությունների, բարեփոխումների ծրագրերի նախագծման փորձառություն:

Որպես ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հ. Հարությունյանը հիմնականում զբաղվել է մարդու իրավունքների ռազմավարական դատավարություններով, ներառյալ քաղաքական հայացքների հիմքով քրեական հետապնդումները, հավաքների ժամանակ մարդու իրավունքների մասսայական խախտումների գործերը:

Հ. Հարությունյանն ավարտել է ԱՄՆ Մինեսոտա նահանգի Իրավունքի դպրոցի մագիստրատուրան՝ «Առաջնորդություն, մարդու իրավունքներ և իրավունքի գերակայություն» ուղղվածությամբ:

Հ. Հարությունյանը հանդիսանում է 2010-2011 Հյուբերտ Համֆրի ծրագրի և 2018 թվականի Ստենֆորդի համալսարանի «Ժողովրդավարության, զարգացման և իրավունքի գերակայության» ծրագրի շրջանավարտ:

2019 թ-ին Հ. Հարությունյանը արժանացել է «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն 2018» մրցանակին՝ «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում:
2016-2019թթ. Հ. Հարությունյանը հանդիսացել է «Արևելյան գործընկերություն» քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի համակարգող և ղեկավար կոմիտեի անդամ:

2003-2011թթ Հ. Հարությունյանն աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում»: