Բացել լրահոսը Փակել լրահոսը
74595543_954297158272776_5033363549611622400_n
A A
Հասարակություն

Ինչպե՞ս իրականացնել երեխաների պաշտպանությունը՝ իրենց իսկ մասնակցությամբ․ նոր ծրագիր է մեկնարկել (տեսանյութ)

Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը և Երեխաների պաշտպանության ցանցը համատեղ իրականացնում են «Երեխաների պաշտպանությունը միայն իրենց մասնակցությամբ» ծրագիրը։

Այն նպատակ ունի հզորացնել երեխաների պաշտպանությամբ զբաղվող ցանցերի կարողությունները գործընկեր երեք երկրներում ՝ Հայաստանում, Վրաստանում և Բուլղարիայում։

 Ծրագրի շնորհանդեսի ընթացքում  Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Զորզորկովա-Կայմակտչիևան, անդրադառնալով այս ծրագրին, ընդգծեց, որ երեխաների պաշտպանության ոլորտում շահույթ չհետապնդող կազմակերպությունների դերը գնալով ավելի  կարևոր է դառնում․

«Կառավարության կողմից դժվար է վերահսկել, օրինակ, երեխաների շահագործումը կամ որոշ իրավիճակներ, որոնք կարող են վնասել երեխաներին, ինչպես նաև այն ամենը, ինչ վերաբերում է երեխաների խնամքին և նրանց աջակցությանը, սրանք վերահսկվում են հատուկ կազմակերպությունների կողմից, այդ պատճառով շատ կարևոր է դրանց զարգացման խթանումը։ Ես կարծում եմ՝ Բուլղարիան, Հայաստանը և Վրաստանը ունեն երեխաների պաշտպանության ընդհանուր արժեքներ և ժառանգություն»։

Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Աիդա Մուրադյանն էլ նշում է՝ Բուլղարիայի և Վրաստանի գործընկերների հետ քննարկումից հետո եկել են այն եզրահանգման, որ երեխաների մասնակցությունը հենց իրենց պաշտպանության գործընթացին այն  կոմպոնենտն է, որը մենք հաճախ երկրորդ, երրորդ պլան ենք մղում․

«Ստացվում է՝ ամեն ինչ անում ենք երեխաների համար առանց երեխաների, այս ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք ունենալ հստակ ուղեցույցներ ցանցերի և անդամ կազմակերպությունների համար, թե ինչպես կարելի է ուժեղացնել այս կոմպոնենտը»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հենց  Հայաստանի Վրաստանի և Բուլղարիայի համագործակցությանը, Աիդա Մուրադյանն ասում է՝ այսօր ՀՀ-ն գտնվում է շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատությունների ապակենտրոնացման ռեֆորմի փուլում, և շատ կարևոր էր հասկանալ՝ այն երկրները, որոնք անցել են այս գործընթացով, կուտակված ինչպիսի՞ փորձ ունեն, ինչպիսի՞ն է երեխաների պաշտպանության ցանցերի դերը իրենց երկրներում․

«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել իրազեկման պլան, որի նպատակն է լինելու ռեֆորմի վերաբերյալ տեղեկությունները երեխաների պաշտպանության ցանցի անդամ կազմակերպությունների միջոցով հասցնել համայնքներ»,-նշեց Աիդա Մուրադյանը` հավելելով, որ իրազեկության պակասը իսկապես շոշափելի է, և սա բացասաբար է ազդում ռեֆորմի վրա։