Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Պետությունը Մանվելն էր ներկայացնում, տարավ․․․ բերանս եք բացում․ Սերգեյ Բագրատյանը բարկացավ (տեսանյութ)

Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարել։

Հիմնական զեկուցող, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է Հարկային օրենսգրքի (ընդունված 2016թ․ հոկետմբերի 4-ին) 64-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ կերպ․

«ՀՀ անվտանգության ապահովման նպատակով ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բարեգործների կողմից բացառապես ռազմական կիրառման համար՝ ռազմական տեխնիկայի, զենքերի վրա տեղադրելու համար նախատեսված հեռադիտակային նշանոցների, տեսահսկման և այլ բացառապես ռազմական նշանակության ապրանքների ներմուծումը, մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը։ Սույն կետով սահմանված բացառապես ռազմական նշանակության ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկերը որոշում է կառավարության լիազոր մարմինը»,- ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը։

Ըստ հիմնական զեկուցողի՝ նման նախագիծ ներկայացնելու պատճառ դարձել է ապրիլյան պատերազմը, որի ժանանակ բազմաթիվ բարերարներ ցանկացել են օգնություն ցուցաբերել սահմանին կանգնած զինվորներին, բայց դժվարության առաջ են կանգնել, երբ ստիպված են եղել ավելացված արժեքի հարկ վճարել։

Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ այս նախագիծը բարերարների գործը կդյուրացնի։

Հարակից զեկուցող, Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ գործող օրենսդրությամբ հնարավորություն է տրվում ռազմական նշանակության կամ այլ նշանակության ապրանքները ներմուծել և պետությանը հանձնել անհատույց կամ նվիրատվությամբ, որոնք հարկերով ծանրաբեռնված չեն։

Արման Պողոսյանը ներկայացրեց, թե որ դեպքում է պետությունը հարկը վճարում, ապա հավելեց, որ կարևոր հանգամանք կա՝ պետք է այդ ներմուծումն ու հանձնումը փաստաթղթի վրա լինի, որպեսզի պարզ լինի՝ դա ապրանքի մատակարարո՞ւմ է, թե՞ նվիրատվություն։

Հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանին հետաքրքրեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել ապրանք ներմուծողները։ Սերգեյ Բագրատյանը օրինակ բերեց։

«Մեր գործընկերները Վորոնեժից ուղարկել էին ՈՒԱԶ տիպի մեքենաներ, սահմանին 6 օր կանգնած էին, իրենք պատրաստ չէին գումար վճարելու, մաքսատունն էլ պահանջում էր, որ ավելացված արժեքի հարկ վճարեն»,- ասաց նա և ընդգծեց, որ նրանք ցանկանում էին անձամբ այդ մեքենաները հասնել առաջնագիծ։

Սերգեյ Բագրատյանի այս խոսքին հաջորդեցին կարծիքներ, որ առաջնագիծ տանողներ կան, ի պատասխան այդ կարծիքիների՝ Սերգեյ Բագրատյանն արձագանքեց։

«Գիտենք՝ ով տարավ, տեսանք՝ ուր տարան։ Դրա համար էլ մարդիկ ասում էին ՝ մենք մեր ձեռքով կտանեք սահման, եթե տալիս ենք ձեզ, կտանեք տուն»,-ասաց նա։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, որ առաջնագիծը որևէ մեկի հորեղբոր սահմանը չէ, և պետությունը տեղ կհասցնի այդ ապրանքը։ Պարոն Աղազարյանի այս խոսքը դուր չեկավ Սերգեյ Բագրատյանին, նա հակադարձեց․

«Պետությունը Մանվելն էր ներկայացնում՝ տարավ, բերանս եք բացում, մի Մանվել էլ կարող է լինի։ Ստեփանակերտում ստեղծված էր հատուկ կառույց, որին փոխանցում էին այդ ապրանքները, էդ մարդն ասում էր՝ ես իմ ձեռքով կտանեմ Ստեփանակերտ, հանձնեմ այդ կառույցին, որ իմանամ ՝զինվորին է հասել։ Նորից է լինելու նույն բանը, դրա համար առաջարկում ենք պարզ օրենք»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը։

Տեսանյութը՝ այստեղ