Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Շահարկում` Ղարաբաղի հարցի շուրջ. Նիկոլ Փաշինյանը` ուղիղ (տեսանյութ)

«ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառվում են», - այս մասին «Զրույց քաղաքացու» հետ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նախ նշեց, որ ընդհանուր առմամբ այն իրավիճակը, որ կա հայ-ադրբեջանական հարաբերություններում, միշտ էլ վտանգներ պարունակում է, բայց այնպես չէ, որ այդ վտանգները մի քանի տարի առաջվա համեմատ ավելի շատ են:

Ըստ նրա, բանակցությունները վարվում են այն տրամաբանությամբ, որ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ հենց իր խնդիրը հայ ժողովրդի համար ընդունելի լուծման շուրջ բանակցելն ու արդյունքի հասնելն է:

«Որոշումները պետք է կայացվեն համազգային եղանակով, ընդհուպ կարելի է հանրաքվե անցկացնել, բայց այս քննարկումներն այնքան էլ պատեհ չեն, քանի որ մենք խոսում ենք ռազմավարության մասին, այսինքն՝ մեր խնդիրն է բանակցային գործընթացում հասնել մի այնպիսի լուծման, որը մեր ժողովրդի համար ընդունելի լինի», - շեշտեց Փաշինյանը:

Նա հերքեց լուրերը, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև տարաձայնություններ կան. - «Արցախի իշխանության և Հայաստանի իշխանության պատկերացումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական են», - հայտարարեց վարչապետը:

Նա անդրադարձավ Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի պաշտոնանկությանը, մասնավորապես թեզին, թե Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը վերելակում դավադրության հարց են քննարկել, ինչը լսել է Հայրապետովը:

«Սա շատ լրջորեն դնում են շրջանառության մեջ: Ուրեմն, պատկերացրեք, որ եթե կա դավադրություն, ուրեմն ես էնքան ապաշնորհ, անխելք դավադիր եմ, որ նախ Ալիևի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ: Հասկանո՞ւմ եք սա: Մարդ, որի հետ ես շփվել եմ ընդամենը 4 ամիս: Բայց եթե նույնիսկ սա է, դրանից հետո ես նրան պիտի պինդ պահեի, ոչ թե պաշտոնից ազատեի, որովհետև երբ ինքը զինվորական սուբորդինացիայի ներքո է, կարող եմ նրա լռությունն ինչ-որ ձևով ապահովել, բայց երբ ազատ մարդ է, նա կարող է երբ ուզենա, ինչ ուզենա խոսի: Այդ քարոզչության հեղինակներն էլ, դե գիտեք, նախկին ձեզ հայտնի շրջանակի ներկայացուցիչներն են», - ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը խոսեց ևս մեկ շրջանառվող թեզի մասին, թե գործադիրը իբրև թե թուլացնում ու վարկաբեկում է գեներալիտետին:

«Կան քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Բայց մի՞թե մենք չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է լինեն հավասար, մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հասարակություն, այնպիսի իրավիճակ, երբ գեներալական կամ նախարարական կարգավիճակը պետք է հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ», - ավելացրեց Փաշինյանը՝ արձանագրելով, որ իր նախաձեռնությամբ ՀՀ մի շարք զինվորականներ ստացել են գեներալի կոչումներ:

Նա հավելեց՝ Արցախում ևս ներկայումս գեներալիտետի ձևավորման գործընթաց է տեղի ունենում, և ինքը ողջունում է Արցախի իշխանությունների այդ որոշումներն ու մոտեցումները:

Նիկոլ Փաշինյանը խոստացավ առաջիկայում մանրամասն ներկայացնել, թե ինչ նյութական օգնություն է ՀՀ կառավարությունն առհասարակ հատկացրել Արցախի կառավարությանը: